Հայաստան-Եվրոպական միության մարդու իրավունքների շուրջ երկխոսություն՝ Բրյուսելում
Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրոպական միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության 6-րդ հանդիպումը:
ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Ոստիկանության, ԱԳՆ և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության պաշտոնյաներ:
ԵՄ կողմի պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների և ժողովրդավարության վարչության տնօրեն Սիլվիո Գոնզատոն:
Երկխոսությունն անցավ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, ինչպես նաև՝ միջազգային կառույցներում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում համագործակցության հարցեր:
Անդրադարձ կատարվեց Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին: Քննարկումները կենտրոնացած էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների և ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու և տեղեկատվության ազատության, հավաքներ անցկացնելու ազատության, քաղաքացիական հասարակության գործունեության, խտրականության դեմ պայքարի, կրոնի և դավանանքի ազատության շուրջ: