Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ավագ սերժանտը օպերատիվորեն վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխեց հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ հեռացել է դեպքի վայրից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին՝ Գայի պողոտայի 8 շենքի բնակչուհի, 29-ամյա Հասմիկ Վարդանյանին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել Երևանի բնակիչ, 22-ամյա Կարեն Այվազյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Այվազյանը այդ պահին նկատել է գետնին ընկած անօգնական Հ. Վարդանյանին և ճիշտ կողմնորոշվելով՝ նրան տաքսի ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ.Այվազյանը սովորում է Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 3-րդ կուրսում՝ կոչումով ավագ սերժանտ է: