Իրանի միջուկային ծրագիրը չպետք է սպառնա տարածաշրջանին. Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարներ
Իրանի և միջազգային «վեցյակի» միջև ստորագրվելիք համապարփակ համաձայնագիրը չպետք է սպառնալիք դառնա տարածաշրջանի կայունության համար, ասված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի տարածած համատեղ հայտարարության մեջ, որն արվել է Էր Ռիադում տեղի ունեցած հանդիպումից հետո:
«Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան հաստատում են Իրանի հետ ամուր, հուսալի, անվիճարկելի համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, սակայն այն չպետք է ապակայունացնի տարածաշրջանի անվտանգությունը և չպետք է սպառնա Իրանի հարևան պետություններին»,-նշված է հայտարարության մեջ:
Երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքային թեման եղել է իրանական միջուկային ծրագիրը և տարածաշրջանային հակամարտությունները:
Reuters գործակալությանը ֆրանսիացի դինավագետներից մեկը հայտնել է, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը մտավախություններ ունի, որ Իրանի վրայից պատժամիջոցների հանումից հետո Իրանը կսկսի տարածաշրջանում գործող իր համախոհներին ֆինանսավորել: