Նոր ԸՕ նախագիծը՝ Վենետիկին, պահեստային տարբերակը՝ ժողովրդին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր քննարկելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Այդ մասին հայտնի է դարձել երեկ, ընդ որում՝ այն բանից հետո, երբ հասարակության մեջ բուռն արձագանք առաջացրեց Վենետիկի հանձնաժողովի հրապարակումը: Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը երեկ իր կայքում հրապարակեց Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն նախագիծը, որ Հայաստանի կառավարությունն ուղարկել էր հանձնաժողովին:
Եվ ահա, միայն դրանից հետո, երբ հասարակության մեջ աղմուկ բարձրացավ, որ փաստորեն ՀՀ քաղաքացին Վենետիկի հանձնաժողովից է տեղեկանում Հայաստանի ԸՕ փոփոխությունների նախագծի մասին, ոչ թե իր հարկերով պահվող կառավարությունից, իշխանությունները տեղեկություն տարածեցին կառավարության նիստում ԸՕ նախագիծը քննարկելու մասին և հրապարակեցին նախագիծը: Ըստ որում՝ բավականին զավեշտալի պատկեր ստացվեց:
Բանն այն է, որ կառավարության հրապարակած նախագծի մասով հայտարարվեց, թե այն տարբերվում է Վենետիկ ուղարկածից և պարունակում է ԸՕ փոփոխությունների վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները մի բան են ուղարկել Վենետիկ, և մեկ այլ բան են ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին: Այսինքն, ըստ էության, երկակի խաղ է ստացվում: Չի բացառվում, որ Հայաստանի իշխանություններն այս խաղի միջոցով փորձում են մանևրել եւ այդ մանևրի միջոցով որոշ իրենց համար կարևոր, իսկ հանրության համար վտանգավոր կամ անցանկալի դրույթներ «սղացնել» այս երկակիության միջոցով:
Բացառված չէ նաև, որ Վենետիկում խիստ բացասական է ընկալվել ուղարկված նախագիծը, և Հայաստանի իշխանությունները շտապել են շրջանառության մեջ դնել մեկ այլ տարբերակ, այսպես ասած՝ պահեստային տարբերակը, քանի դեռ Վենետիկից չեն հնչել կոշտ գնահատականներ և չի առաջացել որոշակի լարված մթնոլորտ: Եվ վերջապես, բացառված չէ և այն, որ Հայաստանի իշխանության վրա ազդել է հանրային աղմուկը՝ կապված այն բանի հետ, որ հասարակությունը ԸՕ փոփոխությունների մասին իրազեկվում է Վենետիկից՝ Երևանի փոխարեն:
Ըստ որում, դատելով Հայաստանի իշխանությունների բնույթից՝ պետք չէ բացառել նաև, որ Վենետիկ ուղարկված տարբերակը ներկայացվել է որպես հասարակությանը ներկայացված տարբերակ, և այն բանից հետո, երբ հանրությունը աղմուկ է բարձրացրել անիրազեկվածության մասին, իշխանությունները շտապել են հրապարակ հանել պահեստային տարբերակը:
Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը դեռևս չսկսված անլրջանում է: Միևնույն ժամանակ, իշխանություններն, իհարկե, այլ անելիք այստեղ չունեն՝ մանիպուլյացիաներից բացի: Իշխանությունը, ըստ էության, չունի ուժեղ հակափաստարկներ այն դրույթների և առաջարկների վերաբերյալ, որ ներկայացնում են տարբեր ընդդիմադիր ուժեր՝ կապված ընտրական գործընթացի վստահելիությունը, թափանցիկությունը և օրինականությունը ամրապնդելու հետ: Եվ այստեղ իշխանությունների միակ փաստարկը կմնա իրավիճակը հնարավորինս խճճելը:
Թեև բացառված չէ նաև, որ ԸՕ վերաբերյալ իշխանության ներսում իսկ առկա են բավականին էական տարաձայնություններ, իհարկե՝ ոչ թե գաղափարական կամ այսպես ասած՝ հայեցակարգային հողի վրա, այլ իշխանության համար պայքարի, և բացառված չէ, որ նմանօրինակ խուճուճ անակնկալների ԸՕ փոփոխությունների գործընթացում մենք էլի ականատես լինենք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: