Այսօր ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալի ծննդյան օրն է․ լուսանկարներ
1907-09 թվականներին Մարկ Շագալը սովորել է Պետերբուրգում։ 1910-14 թթ. ապրել է Փարիզում, ուր կրել է կուբիզմի ազդեցությունը, մասնակցել է «Անկախների» և «Աշնանային» սալոններին, ապա Բեռլինում բացել անհատական մեծ ցուցահանդես։ 1914-22 թթ. Շագալը Ռուսաստանում էր, 1917-ից՝ Վիտեբսկի Արվեստի դպրոցի ղեկավար։
1922-23 թթ. արտագաղթել է նախ Բեռլին, ապա՝ Փարիզ։ Մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչ Շագալի արվեստին բնորոշ է իրականության ստեղծած սուբյեկտիվ ընկալումը։ Նրա ստեղծագործությունների մեծ մասի սկզբնաղբյուրը իր մանկությունն է, հրեական կենցաղը, որոնցից քաղված պատկերները մեկնաբանում է խորհրդանշական և միստիկ ոգով։
Շագալի նկարներում առարկաները անիրական տարածությունում ոչ տրամաբանական դասավորություն ունեն, գծանկարը էսքիզային է ու անորոշ, գունաշարը վառ ու ֆանտաստիկ ("Ես և գյուղը", 1911, Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Նյու Յորք)։ Շագալը նկարազարդել է Գոգոլի "Մեռած հոգիները" (օֆորտ, 1923-27), Աստվածաշունչը (վիմագրություն, 1931-36)։
Հեղինակ է մի շարք դեկորատիվ աշխատանքների՝ Ստրավինսկու "Հազարան բլբուլ" բալետի ձևավորումը (1944-45), Մեցի տաճարի վիտրաժների էսքիզները (1958)։
1973 թ., իր անհատական ցուցահանդեսի կապակցությամբ այցելել է ԽՍՀՄ։ Շագալի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, այդ թվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։