211652_close_icon
views-count2314 դիտում article-date 13:06 08-08-2026

Ոստիկանության և Աբովյանի քննչական բաժիններ, ՊԾ Կոտայքի գումարտակ հասնելու համար քաղաքացիները պիտի կրեն հակագազ, որպեսզի չթունավորվեն, հետիոտներն էլ քայլելիս պիտի անցնեն մետաղե ջարդոն ավտոմեքենաների վրայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երկար ու ձիգ տարիներ է, ինչ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակ, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, ինչպես նաև Կոտայքի մարզի վիճակագրական կոմիտե այցելողները ականատես են լինում գարշահոտ ու հակասանիտարական վիճակի։

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի տարի է՝ այդ կառույցներ հասնելու համար քաղաքացիները պիտի կրեն հակագազ, որպեսզի գարշահոտից սրտխառնոց չունենան, իսկ հետիոտնի համար նախատեսված վայրերով էլ, որտեղ ի դեպ տեղադրված են հատուկ ցուցանակներ, չեն կարող անցնել և հայտնի էլ չէ, թե երբ պատասխանատու մարմինները տարածքը կազատագրեն հարյուրավոր ճանապարհատրանսպորտային պատահարների, վրաերթերի, քրեական պատմություններով անցած, այդ թվում՝ ողբերգական, ոստիկանության բաժին բերված, նույնիսկ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաներից։

Նշված խնդիրը լուծելու համար ստիպված դիմում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, որպեսզի հրատապ միջոցներ ձեռնարկեն և այս տարածքից հեռացնեն այս ամենը, քանի որ որոշ ոչ սրտացավ քաղաքացիներ էլ ավտոմեքենաների բեռնախցիկները վերածել են աղբադույլի, իսկ որոշ հատվածներում էլ հոգում են իրենց բնական կարիքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ տարիներ առաջ էր տվել խիստ հանձնարարական, որ չի հանդուրժի այն պաշտոնյաներին ովքեր իր հանձնարարականը անգամ կկատարեն թերի։ Մինչդեռ վարչապետի տված հանձնարարականը, որ նման ավտոմեքենաները պետք է երթևեկելի գոտում չլինեն, Կոտայքի մարզի պաշտոնյաների համար ասես հիմք չլինի, ու հիմա երբ վարչապետը խիստ միջոցներ ձեռնարկի այդ պաշտոնյաների նկատմամբ, կասեն՝ թիրախում նորից մենք հայտնվեցինք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի մարզում, մասնավորապես՝ Աբովյան քաղաքում, կան շատ տարածքներ, որտեղ հնարավոր է ստեղծել հատուկ պահպանվող տարածք, տեղադրել տեսախցիկներ ու նշված ավտոմեքենաները տեղափոխել այդ վայր։

Եվ որ ամենացավալին է, այդ հատվածի հարևանությամբ ՀՀ կառավարության և Աբովյանի քաղաքապետարանի մեծ ներդրումների շնորհիվ ստեղծվել են թենիսի կորտ, գեղեցիկ զբոսայգի, բայց վատ է, որ այդ ամենին հարակից տիրում է նման հակասանիտարական ու սրտխառնոց առաջացնող վիճակ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր