Թուրքիայի վարչապետը ամերիկա-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայման է առաջադրել
Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդրըմը, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների անժամկետ չեղարկումը, հայտարարել է, որ Թուրքիան համապատասխան քայլեր կձեռնարկի: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Թուրքիայի վարչապետը շեշտել է, որ ԱՄՆ քաղաքացիների համար դեպի Թուրքիա վիզաներ տրամադրելը դադարեցնելով, Թուրքիան կատարել է պատասխան համարժեք քայլը:
«Պետությունների միջև հավերժական բարեկամություն կամ թշնամություն չի լինում: Եթե երկրները ռազմավարական գործընկերներ են, ապա որոշ խնդիրների պատճառով մյուս երկրի քաղաքացիներին նման ձևով պատժելն ԱՄՆ-ի պես երկրին վայել չէ», - ասել է Յլդրըմը:
Նա նշել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է փնտրեն այն հարցի պատասխանը, թե ինչու այժմ Թուրքիայում բնակչության 80 տոկոսը չի համակրում այդ երկրին:
Յլդրըմը, առաջ ընկնելով, նախապայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ հարաբերությունների կարգավորման ու զարգացման համար:
«Եթե մեր գործընկերությունը շարունակվելու է, ապա ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Թուրքիայում հեղաշրջման փորձ նախաձեռնած ուժերին սատարելուց ու Սիրիայի քրդերին զենք մատակարարելուց»,- հայտարարել է Յլդրըմը: