Համազգային գործադուլ՝ ընդդեմ զանգվածային օպտիմալացման ծրագրի
Ֆրանսիայում միլիոնավոր մարդիկ մեկօրյա գործադուլ են հայտարարել և բողոքի ցույցի դուրս եկել՝ առաջիկա հինգ տարիներին շուրջ 120 հազար բյուջետային աշխատողներ կրճատելու՝ նախագահ Էմանուիլ Մակրոնի ծրագրի դեմ: Համազգային գործադուլի արդյունքում փակվել են դպրոցներ, հիվանդանոցներ, չեղյալ է համարվել ավիաչվերթների շուջ մեկ երրորդը: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41565398]BBC[/url]-ին:
Երկրի երիտասարդ նախագահի ծրագիրը տապալելու համար, առաջին անգամ վերջին տասնամյակում, միավորվել են Ֆրանսիայի բոլոր 9 արհմիությունները, որոնք ավելի քան 5 միլիոն ներկայացուցիչ ունեն: Չնայած դրան՝ կառավարությունը պնդում է, թե չի հրաժարվելու ուռճացված համակարգն օպտիմալացնելու ծրագրից:
Ֆրանսիայի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լիոնում և Նանտում բողոքի ցույցեր են անցկացվել: «Բանվորական ուժ» արհմիության առաջնորդ Ժան-Կլոդ Մայնը Լիոնում ելույթ ունենալիս նշել է, որ «կոշտ տնտեսության ռազմավարությունը» հարցականի տակ է դնում պետական սեկտորի գոյությունն ընդհանրապես: Նրա գնահատմամբ՝ առաջիկայում հիվանդանոցներն ու մանկապարտեզները կմասնավորեցվեն:
Նոյեմբերին արհմիությունները ծրագրում են ևս մի շարք ցույցեր և գործադուլներ անցկացնել: Նշենք, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերին, երբ նախագահ Մակրոնը ստորագրել է օպտիմալացման մասին օրենքը, որը պարզեցնում է պետական հիմնարկություններում աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման ընթացակարգերը: