Թուրքիան ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդականին 15 մլն դոլար է առաջարկել՝ Գյուլենին հանձնելու դիմաց
Թուրքական կառավարությունը ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին 15 մլն դոլար է առաջարկել՝ իսլամական քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենին ԱՄՆ-ից Թուրքիա հանձնելու դիմաց, հայտնում է The Wall Street Journal-ը:
Նախագահ Էրդողանի երկարամյա հակառակորդ Գյուլենին Թուրքիան համարում է 2016-ի ամռանը տեղի ունեցած ռազմական խռովության հիմնական հրահրող: Արդեն տարուց ավել Թուրքիան փորձում է ԱՄՆ-ից էքստրադիցիայի ենթարկել Գյուլենին, որտեղ վերջինս բնակվում է:
Անկարայի ներկայացուցիչները Ֆլինի հետ հանդիպել են 2016-ի դեկտեմբերի: Հանդիպման ընթացքում քննարկվել է՝ մասնավորապես, այն ծրագիրը, որի դեպքում Գյուլենին Պենսիլվանիա նահանգից մասնավոր ինքնաթիռով բռնի կերպով պետք է տեղափոխեին Թուրքիա:
Պարբերականի տվյալներով, այս պատմությունն այժմ հետաքննում է ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Ֆլինը Թրամպի վարչակազմը լքել էր այն բանից հետո, երբ ոչ պատշաճ կերպով էր տեղեկացրել Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր հանդիպումների մասին: