211652_close_icon
views-count4321 դիտում article-date 14:05 05-05-2018

Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ ավելի բարդ են. Independent-ը զրուցել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ. Armenpress.am

Բրիտանական Independent-ն ընդարձակ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերականի թղթակցի զրույցը: «Հայաստանի նախագահն ասում է՝ պատրաստ է կանգնել ոստիկանության և ցուցարարների միջև». այսպես է վերնագրել հոդվածը հեղինակավոր պարբերականը: «Որպես «Տետրիս» համակարգչային խաղի ստեղծման ակունքներում կանգնած գիտնականներից մեկը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ նա քաղաքական հարցերում հաճախ դիմում է տրամաբանական մոդելների օգնությանը: Սակայն իր երկրի դրամատիկ հեղափոխության կամ ինչպես ինքն է ասում՝ «ժողովրդավարական փոփոխության» հարցում շատ քիչ բան կար, որ նա կարող էր կանխատեսել մաթեմատիկայի միջոցով»,- «[url=https://armenpress.am/arm/news/932498.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով նախագահի խոսքերը. «Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ ավելի բարդ են»: Independent-ը նշում է, որ Հայաստանում 2018 թվականին խորհրդարանական կառավարման անցում կատարելուց հետո Արմեն Սարգսյանի ղեկավարած նախագահի գրասենյակը ըստ էության ոչ քաղաքական բնույթ ուներ: Լրատվամիջոցը նշում է, որ Միացյալ Թագավորությունում երկար տարիներ որպես ՀՀ դեսպան աշխատած Սարգսյանին անգամ տրվեց «Բրիտանական Թագուհի» կեղծանունը՝ հաշվի առնելով նրա արարողակարգային պարտականությունները: Սակայն Հայաստանում սկսված զարգացումների ժամանակ նախագահն անսպասելիորեն հայտնվեց կենտրոնական կետում՝ դառնալով կարևոր միջնորդ: «Բարդ աշխատանք էր կողմերին մեկ տեղ բերելը: Ես արեցի բաներ, որոնք սովորաբար չեն ակնկալում նախագահից, օրինակ` գնացի դեպի ամբոխը: Անհնարին էր անել աշխատանքը պարզապես գրասենյակում նստելով»,- պատմել է ՀՀ նախագահը: Independent-ը նշում է, որ ապրիլի 21-ին ցուցարարների մոտ՝ Հանրապետության հրապարակ գնալու նախագահի որոշումը շրջադարձային նշանակություն ունեցավ: «Շատերը հրապարակում, այդ թվում և Փաշինյանը, կասկածամիտ էին նրա հարցում, քանի որ նրա մեջ տեսնում էին վարչապետի մերձավոր դաշնակցին: Որոշներն անգամ նրան հասցեին մեղադրանքներ հնչեցրին Բրիտանիայի նախկին քաղաքացիության համար: Սակայն Սարգսյանն ասում է, որ «ֆանտաստիկ» փորձառություն ունեցավ հրապարակում և ցուցարարների առաջնորդի հետ իր հարաբերությունները որակեց որպես «կառուցողական»,- գրում է բրիտանական պարբերականը: Լրատվամիջոցը նշում է, որ նախագահը խոստացավ և արդեն հաջորդ օրը (ապրիլի 22-ին) կազմակերպեց հանդիպում Նիկոլ Փաշինյանի և այդ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի միջև: «Ես շեշտեցի, որ իրադրությունը պետք է լուծում ստանա երկխոսության միջոցով՝ սահմանադրության շրջանակում»,- նշել է Արմեն Սարգսյանը: Independent-ը գրում է, որ արդեն ապրիլի 22-ին Սարգսյանի և Փաշինյանի հանդիպմանը կողմերը չկարողացան գալ ընդհանուր հայտարարի, իսկ ժամեր անց իրադրությունն ավելի լարվեց պատգամավորների և շուրջ 2 հարյուր ցուցարարների բերման ենթարկելու պատճառով: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր