Կիևում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
Կիևում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին, և կայացել է Հայաստանի մասին դասախոսություն:
Ուկրաինայի խոշորագույն բուհերից մեկում՝ Կիևի միջազգային համալսարանում մարտի 3-ին կայացել է «Հայաստանը համաշխարհային գործընթացների խաչմերուկում» դասախոսություն», հաղորդում է AnalitikaUA.net-ը։
Դասախոսությունը Ուկրաինայի հայերի միության Կիևի երիտասարդական կազմակերպության համար կարդացել է միության պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը։ Միջոցառմանը ներկա էր Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ընդգծեց սփյուռքի ամրապնդման գործում երիտասարդների կարեւոր դերը:
Կայքը նշում է, որ մարտի 3-ին Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում, Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվել է Սումգայիթում հայերի ջարդերի զոհերի հիշատակի հոգեհանգստյան կարգ, որին նույնպես ներկա է եղել ՀՀ դեսպանը։ Բացի այդ, ջարդերի մասին տեսանյութ է ցուցադրվել Ուկրաինայի հայտնի հետուստաալիքի եթերում։
Ըստ հրատարակության՝ մարտի 2-ին ՀՀ Լոռու մարզի Այրում համայնքում Ուկրաինայի հայերի միության ջանքերով կայացել է Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` չորս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավելի քան 20 խաչքար է տեղադրվել երկրի տարբեր մարզերում: