Աղվերանում անցկացվել է էներգետիկ կառավարման համակարգերի թեմայով դասընթաց
Աղվերանում դեկտեմբերի 12-13-ին անցկացվեց «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգերի և Էներգիայի կառավարման տեղեկատվական համակարգի կիրառման» վերաբերյալ դասընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառումը կազմակերպվել էր «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում:
Դասընթացի նպատակն էր ներկայացնել էներգետիկ կառավարման համակարգի հնարավորությունները՝ նպաստելով ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը: Կայուն էներգետիկայի գծով միջազգային փորձագետ Գորան Չաչիչը ներկայացրեց էներգետիկ կառավարման համակարգերի ոլորտում առկա միջազգային փորձն ու ձեռքբերումները: Մասնավորապես, ներկաները ծանոթացան Էներգիայի կառավարման համակարգի հիմնական կառուցվածքին, գործառույթներին և անհրաժեշտ ռեսուրսներին: Բացի տեսական գիտելիքներից՝ մասնակիցներին ներկայացվեց նաև էներգետիկ համակարգի կիրառման փորձը, խոչընդոտները և քաղած դասերը Խորվաթիայում և այլ երկրներում:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ողջունեց նախաձեռնությունն ու կարևորեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման հարցում:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ընդգծեց Երևան համայնքի հետ երկարամյա համագործակցությունը էներգաարդյունավետության ոլորտում, ինչպես նաև մատնանշեց համայնքային էներգետիկ կառավարման համակարգի և Էներգիայի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման հնարավորությունները:
Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, Երևանի և այլ համայնքապետարաններից, ինչպես նաև էներգետիկայի և քաղաքաշինության ոլորտի փորձագետներ, մասնագետներ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններից ու մասնավոր կազմակերպություններից: Դասընթացին ներկաները հանդես եկան իրենց դիտարկումներով, որին հետևեցին ակտիվ քննարկումներ:
Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի կայացումը մեծապես կաջակցի համայնքային ենթակայության շենքերում էներգետիկ մոնիտորինգի իրականացմանը և էներգաարդյունավետ արդիականացման համար շենքերի առաջնահերթության սահմանմանը:
Էներգիայի կառավարման տեղեկատվական համակարգն իր հերթին ծառայում է որպես շենքերի էներգետիկ տվյալների շտեմարան, ապահովում է տվյալների թափանցիկություն ու հասանելիություն: Բացի այդ, այն նպաստում է շենքերում էներգասպառման նկատմամբ վերահսկողությանը՝ ծառայելով որպես գործիք շենքերում էներգախնայողության և ջերմոցային գազերի արտանետումների կրճատումների ապահովման և գնահատման համար:
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո: