211652_close_icon
views-count1297 դիտում article-date 10:20 21-08-2022

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կմասնակցի Սիսիան համայնքի ՏԻՄ ընտրությանը

Սիրով տեղեկացնում ենք, որ «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին նշանակված ավագանու համամասնական ընտրակարգով ՏԻՄ հերթական ընտրությանը` հանուն հաղթանակի և հանուն Սիսիան համայնքի ժողովրդավարության և անվտանգության: Կուսակցության ընտրացուցակը գլխավորում է սիսիանցիների ճնշող մեծամասնության հարգանքը վայելող Սևակ Մուսաթյանը, ով աշխատանքի բեղուն կենսագրություն է ամբարել Անգեղակոթի գյուղապետարանում, Գորայքի և Սիսիանի համայնքապետարաններում, Սյունիքի մարզպետարանում` որպես առաջատար մասնագետ և եկամուտների հավաքագրման մասնագետ:

Մասնագիտությամբ տնտեսագետ պարոն Մուսաթյանը, բոլորի սիրելի ընկեր Սևակը, երկար տարիներ աշխատել է նաև Անգեղակոթ, Սառնակունք, Սպանդարյան, Շաղաթ, Բալաք, Արևիս, Իշխանասար գյուղերի հանրակրթական դպրոցներում՝ որպես շախմատի ուսուցիչ: Սևակ Մուսաթյանն իր նվիրյալ ընկերների հետ առաջին օրից կանգնել է մեր երկրում հեղափոխական փոփոխությունների մատույցներում: Այսօր էլ Սևակ Մուսաթյանն անվրդով պայքարում է երկրում և խոշորացված Սիսիան համայնքում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու, նախկին հանցագործ իշխանությունից մնացած հոռի բարքերը արմատախիլ անելու և արդարության հաստատման համար:

Տեր և տիկին Սևակ և Աննա Մուսաթյանները երկու դստեր և մեկ որդու հոգատար ծնողներ են, ապրում են Սիսիան քաղաքում: Գալիս ենք հաղթելու, և ոչինչ բացի հաղթանակից: Հանուն Սիսիանի, հանուն հաղթանակի, հանուն Հանրապետության:

Առնոլդ ԲԼԵՅԱՆ Արտաքին գործերի քարտուղար,
«Հանուն Հանրապետության» կուսակցություն

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր