211652_close_icon
views-count1289 դիտում article-date 16:21 22-08-2022

ԵՊՀ-ՈՒՄ կայացավ ECER 2022-ի՝ սկսնակ հետազոտողների գիտաժողովի բացման արարողությունը

Մրցակցելով չորս երկրների կրթական կենտրոնների հետ՝ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հաղթող է ճանաչվել, ինչի շնորհիվ ECER 2022 համաժողովն այս տարի անցկացվում է Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում։ 

Համաժողովի նպատակն է տարբեր երկրների կրթական հետազոտողներին համախմբել գիտական մեկ հարթակում և միասնաբար քննարկել կրթական հիմնախնդիրները, որոնք առկա են աշխարհի շատ երկրներում: 
 «Այս համաժողովը միավորել է մի շարք հետազոտողների, որոնք ցանկանում են բարելավել կրթության որակը»,- ասաց ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Է. Ասրիյանը։    

Դիմելով մասնակիցներին՝ ԵՊՀ պրոռեկտորը հույս հայտնեց, որ այս օրերի ընթացքում կգտնվեն շատ կարևոր հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ մենք ի՞նչ պետք է շարունակենք անել, ի՞նչ դադարենք անելուց և այլն։
ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մ.գ.դ., պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, անդրադառնալով համաժողովի՝ Հայաստանում անցկացվելու փաստին և դրա ընձեռած հնարավորություններին, նշեց. «Այսօր կան մի շարք իրողություններ, ինչպես՝ պատերազմները, բնական աղետները, համաճարակները, որոնք ազդում են կրթության որակի վրա: Նմանատիպ հարցերը պետք է քննարկվեն քառօրյա համաժողովի ընթացքում: Պետք է ուսումնասիրել այլ երկրների առաջավոր փորձը և տեղայնացնել այն ՀՀ-ում»:

Պրոֆեսորը հավելեց, որ այս համաժողովը լավագույն հնարավորությունն է սկսնակ հետազոտողների համար. նրանք կլսեն փորձառու գիտնականների կարծիքները, ինչը կօգնի նաև իրենց թեկնածուական ատենախոսությունները և մագիստրոսական թեզերը գրելիս»:

Անդրադառնալով համաժողովի ընթացքում ներկայացվելիք թեմաներին՝ Ն. Հարությունյանն ասաց, որ դրանք հիմնականում վերաբերում են կրթության կառավարման հիմնախնդիրներին, որակի ապահովմանն ու վերահսկողությանը, որակի կառավարմանը, դասավանդման մեթոդիկային և այլն:

Խոսելով համաժողովի ընթացքում Հայաստանի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները բարձրաձայնելու և դրանց՝ օտարազգի հետազոտողների կողմից ուշադրությանն արժանանալու կարևորությունից՝ համաժողովի կոորդինատոր, EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանն ընդգծեց. «Մեր նպատակներից է մոտիվացնել երիտասարդ հետազոտողներին, որպեսզի նրանք հետաքրքրվեն նաև Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրներով և վերադառնալով իրենց երկիր՝ շարունակեն ուսումնասիրել այն»։ 

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի հետազոտող Սամվել Ասատրյանը, խոսելով համաժողովին իր մասնակցությունից և թեմայի ընտրությունից, նշեց, որ այն առավելապես կենտրոնացված է առցանց կրթության հետևանքների վրա:

«Համավարակից հետո ստեղծվեց իրավիճակ, որտեղ առաջնային էր հեռավար ուսուցումը: Չեմ ժխտում, որ տեխնոլոգիական կրթությունն ունի իր դրական նշանակությունը, բայց այն ունի նաև բացասական հետևանքներ։ Նա ընդգծեց, որ ընդհանրապես հրաժարվել էլեկտրոնային կրթությունից հնարավոր չէ. այն պետք է բալանսավորել»,- մեզ հետ զրույցում ասաց Ս․ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ 2022 թ. օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022)՝ «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով։

Նմանատիպ նյութեր