Մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ նախատեսված չեն․ Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեցմ որ վստահ չէ, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ:
«Խաղաղության կամ հարաբերությունների հաստատման կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են, շարունակվում են: Նոր խմբագրությամբ փաստաթուղթ է շրջանառվում: Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, հանդես կգանք մեր հերթական առաջարկներով: Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց նաև հենց դրա համար են բանակցությունները, որ կարողանանք հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել ու ունենալ համատեղ արդյունք»,-ասաց ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ եթե նույնիսկ չստացվի մինչև տարեվերջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո: