211652_close_icon
views-count1189 դիտում article-date 16:05 17-12-2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կքննի նախկին համայնքապետի դեմ նախաձեռնված քրեական վարույթը․ Aravot.am

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա կատարված տարաբնույթ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևանի նախկին համայնքապետ Վ.Ղ.-ն, նախապես տեղյակ լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար ցանկանում է ձեռք բերել Իջևանի նախկին քաղաքային գործկոմի ենթակայության տակ գտնվող շինվերանորոգման վարչության տարածքը, հնարավորություն ունենալով այն անհատույց տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մինչ վերջինիս կողմից համապատասխան ընթացակարգով համայնքին դիմում ներկայացնելը, 2013-2014թթ. ընթացքում շահադիտական նպատակով նշված տարածքը բաժանել է 4 մասի և օտարել իր հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց։ Վերջիններս հետագայում դրանք անհամեմատ բարձր արժեքներով վաճառել են ՀՀ ՊՆ-ին:

Թեմայի շուրջ Aravot.am-ը պարզաբանում խնդրեց Իջևանի նախկին համայնքապետ Վարդան Ղալումյանից: Վերջինս նշեց, որ բոլորովին տեղյակ չէ առաջադրված մեղադրանքից, իսկ համայնքապետարանի կողմից հողեր օտարելը արտառոց երևույթ չի համարում:  «Յուրաքանչյուր նման որոշում կայացվում է համայնքի ավագանու կողմից, իսկ հողերի օտարումը տեղի է ունենում հրապարակային սակարկությունների միջոցով: Եթե ինչ-որ մեկը հողը ցանկացել է գնել ավելի հարմար գնով,ապա թող մասնակցեր աճուրդին և հաղթեր:  Աճուրդից մեկ ամիս առաջ հայտարարությունը  տպագրվել է Հայաստանի Հանրապետություն օրաթերթում և յուրաքանչյուր իրավունքի սուբյեկտ կարող էր մասնակցել։ Համայնքապետն ի°նչ կապ կարող է ունենալ այդ աճուրդի հետ,այն էլ կարողանար 1 տարի առաջ կանխագուշակեր,որ այդ հողը հետագայում ձեռք է բերվելու ՊՆ-ի կողմից: Ի դեպ 2019 թ.-ից ձգվող քրեական գործն անգործության է մատնված: Այն ոչ կարճվում, ոչ էլ ընթացք է ստանում: Արդեն 3-րդ տարին է այդ պատճառով չեմ կարողանում երկրից բացակայել, իսկ դա ինձ անհրաժեշտ է կարևոր գործերի համար։ Միգուցե նոր քրեական գործեր հարուցելու փոխարեն պետք է ուսումնասիրել  այդ գործը հարուցողների կրթությունը, հասկանալու համար այս անտրամաբանական մեղադրանքները»,- նշեց Ղալումյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր