Լաչինի միջանցքի փակման խնդիրը բնապահպանակա՞ն է, թե՞ գոյապահպանական. Ejc.am
1․Դեկտեմբերին 12-ին «Բնապահպանական աղետի դեմն առնելու» կեղծ նպատակով ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստները փորձել էին մտնել Կաշենի հանքավայր՝ նախնական մոնիտորինգ իրականացնելու և օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման բնապահպանական խախտումներին առնչվող փաստերն ուսումնասիրելու համար: Իհարկե, ակնհայտ են այս ակցիայի քաղաքական դրդապատճառները, բայց, այնուամենայնիվ, կխնդրեմ մեկնաբանել բնապահպանական, տնտեսական բնույթի հռետորաբանությունը:
Խաչատուր Մելիքսեթյան-Իհարկե, պետք է լինել շատ միամիտ և անտեղյակ մարդ, հավատալու համար, որ Ձեր հարցում մատնանշված ակցիաներն ունեն որևէ բնապահպանական հիմք: Այստեղ բացառապես քաղաքական ենթատեքստ է: Ավելին. եթե պարզ ասենք՝ նացիստական ենթատեքստ է, որը նպատակ ունի Արցախի Հանրապետությունը զրկել խոշորագույն հարկ վճարողից և գործատուից: Չէ որ Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրում և կոմբինատում աշխատում են ավելի քան 1800 մարդ, ինչը կենսական անհրաժեշտություն է արցախցիների համար:
Հայկական կողմի թույլ չտալը ադրբեջանցի «բնապահպանների» մուտքը Դրմբոն և Կաշեն համարում եմ հիմնավորված: Եթե նույնիսկ ծագում են բնապահպանական հարցեր, Արցախի դեպքում նպատակահարմար կլիներ, որ դրանցով զբաղվեին անկախ, միջազգային մասնագետներ, և ոչ թե ադրբեջանական «փորձագետներ»: Մեր արևելյան հարևանների կողմից, որպես «պատասխան քայլ», Բերձորի (Լաչինի) միջանցքը փակելը ցինիկ և անթաքույց պետական հանցագործություն է և 2020թ. նոյեմբերի 9-ին փաստաթղթի պայմանների խախտում: Պետք է հստակ հասկանալ, որ Ադրբեջանի նպատակը արցախցիների կյանքի համար անտանելի պայմանների ստեղծումն է, նրա 30 տարվա դե-ֆակտո պետականության ապամոնտաժումը ու հայերի տեղահանումը:
Հայկ Ակարմազյան- Այսօր հստակ երևում է, որ առաջիկա տարիներին բնական սպառվող ռեսուրսների շահագործման հարցում հետաքրքրությունները գնալով մեծանալու են: Կշեռքի մյուս նժարին էլ բնապահպանությունն է։ Ադրբեջանցի «բնապահպաններից» և ակցիաների տեսանյութերից երևում է, որ քաղաքական խնդիրների խելացի լուծումներ գտնելու ճգնաժամ ունեն և էժանորեն շահարկում են բնապահպանական շինծու հարցեր։ Այն դեպքում, երբ գլոբալ էկոլոգիական խնդիրները աշխարհում համամարդկային, սահմաններ չճանաչող և ամենակարևորն են համարվում, մեր հարևանները ծաղրում են բնապահպանական գաղափարները և դրանք օգտագործում են որպես քաղաքական խնդիրներ լուծելու մանրադրամ։
Բայց մենք կարող ենք օգտվել ստեղծված վիճակից։ Քանի դեռ իրենց համար մաքուր, կանաչ տեխնոլոգիաները ոչ թե կայուն աճի, սպասվող կլիմայական ճգնաժամերին դիմագրավելու լուծումներ են, այլ միջազգային հանրությանը մանիպուլացնելու, էմոցիաների և ընկալումներ վրա ազդելու պարզունակ հնարքներ, մեզ համար կայուն զարգացումն ու բնապահպանությունը պետք է համակարգային լուծումներ դառնան։
2․Ավելի քան երկու շաբաթ ընթացող գործընթացին հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները համաչափ արձագանքե՞լ են:
Խաչատուր Մելիքսեթյան-Արցախի իշխանության կողմից շատ հստակ հայտարարվել է, որ հարցը բացառապես քաղաքական է և ես կարծում եմ, որ այս հարցով ադրբեջանական «բնապահպանների» հետ քննարկումները հակաարդյունավետ կլինեն, քանի որ այն մարդկանց համար, որոնք փակել են Հայաստանից Արցախ ճանապարհը, բնապահպանությունը վերջին տեղում է: Մեծ հարց է նաև՝ թե Հայաստանում, որոնք են, ինչպես դուք եք ասում, այդ «բնապահպանական կազմակերպությունները»․ պետական գերատեսչություննե՞րը, հետազոտական ինստիտուտնե՞րը, ԲՈՒՀ-երի բնապահպանության ամբիոննե՞րը, թե՞ հասարակական կազմակերպությունները։
Ինձ համար ակնհայտ է, որ բնապահպանությունը դա բարդ գիտություն է, որն ունի բազմաթիվ ճյուղեր, այդ թվում՝ երկրաբանական բնապահպանությունը: Հայաստանում շատ կան բնապահպանության տարբեր ուղղությունների լուրջ գիտնականներ և մասնագետներ, բայց հաճախ «բնապահպան» են դառնում պատահական մարդիկ, որոնք ոչ միայն չունեն գիտական աստիճան այդ բնագավառում, այլ նաև պրոֆիլային կրթություն և որոնք ոչ հազվադեպ զբաղվում են մանիպուլյացիաներով, որի ականատեսը մենք եղանք նաև Ամուլսարի դեպքում: Ես ներողություն եմ խնդրում այսքան կտրուկ գնահատականի համար, բայց փաստ է, որ դա այդպես է ոչ միայն Հայաստանում, կամ հենց նույն Ադրբեջանում: Ցանկանում եմ որպես օրինակ հիշեցնել, որ 2010թ. Մեքսիկական ծոցում, նավթի արդյունահանման հարթակի վրա աղետալի վթարի ժամանակ, երբ, ըստ տարբեր գնահատականների, ծովն է լցվել 5 մլն բարելից ոչ պակաս նավթ, իսկ նավթի բիծը ծովի մակերևույթին զբաղեցրել է 75 հազ. կմ2 տարածք (2,5 անգամ ավելի, քան ՀՀ տարածքն է), հայտնի միջազգային բնապահպանական «Գրինփիս» կազմակերպությունը լուռ էր, իսկ 2013թ. այդ նույն «Գրինփիսի» ակտիվիստները փորձում էին խցկվել ռուսական նավթարդյունահանման ծովային հարթակ Արկտիկայում՝ նավթի արդյունահանումը խոչընդոտելու համար»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում