211652_close_icon
views-count1555 դիտում article-date 20:43 28-12-2022

Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խումբը ներկա էր պարեկների ավարտական քննությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիր էին այցելել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները։

Կրթահամալիրում ավարտական քննություններ էին հանձնում Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ապագա պարեկները։ Պարեկների պետական ամփոփիչ ատեստավորման համալիր քննությունները կավարտվեն դեկտեմբերի 30-ին։ Բարձր ցուցանիշներ գրանցած պարեկները կնշանակվեն ծառայության համապատասխան մարզերում։
«5-ամսյա կրթական գործընթացն ավարտվել է։ Իրականացվել են նաև սցենարների վրա հիմնված վերապատրաստումներ սովորողների համար, որպեսզի նրանք պրակտիկ առումով շատ ավելի մեծ փորձառություն ունենան։ Իրականացվել է նաև մեթոդության ծրագիրը Երևանի պարեկային գնդի շրջանակներում, ինչը ևս թույլ է տալիս պրակտիկ տեսանկյունից փորձ հավաքել, ավելի պատրաստ լինել տվյալ մարզում ծառայության իրականացման համար»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նույն օրը ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խումբը քննարկեց Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների մանրամասները։

Արփինե Սարգսյանը նշեց , որ քաղաքացիներին պարեկային ծառայության առավելություններն ու առանձնահատկությունները ներկայացնելու նպատակով մարզերում կկազմակերպվեն աշխատանքային տոնավաճառներ, ինչը թույլ կտա շատ ավելի ընդգրկուն ներկայացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովման ոլորտում ապագա պարեկների դերն ու նշանակությունը։

«Դեկտեմբերի 12-ից արդեն հայտարարությունը տարածվել է։ Մինչև հունվարի 27-ը ունենք դիմումների ընդունելության փուլ։ Այդ ժամանակահատվածում իրականացնելու ենք տարբեր իրազեկման միջոցառումներ, ընդ որում՝ պարեկներն անձամբ են այցելելու մարզեր։

Նախատեսվում է հունվարի 10-ին և 11-ին իրականացնել իրազեկման միջոցառումներ Սյունիքի մարզում։ Բնակիչները կկարողանան միջոցառումների շրջանակում մոտիկից ծանոթանալու գործընթացին:

Տեղում կլինի նաև դիմումների ընդունելություն, ինչը կհեշտացնի դիմումների ներկայացման գործընթացը: Նաև ունենք պայմանավորվածություն, որ այն քաղաքացիները, որոնք դիմումատու են և պետք է մասնակցեն բժշկական զննության, ապա կկարողանան ոստիկանության աջակցությամբ տեղափոխվել կրթահամալիր կամ այլ կառույց, որտեղ կիրականացվեն այդ ստուգումները»,-հավելեց Արփինե Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ստորաբաժանումներում ծառայել ցանկացողները դիմումները կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի հունվարի 27-ը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր