211652_close_icon
views-count2461 դիտում article-date 14:29 07-07-2025

ՏՀԿ գագաթնաժողովը Ստեփանակերտում՝ որպես հակահայկական քարոզչության հարթակ

Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ն անցկացվեց Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը։ Իլհամ Ալիևն այս հարթակը կրկին օգտագործեց՝ Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար։

ՏՀԿ անդամ երկրների ղեկավարներին Ալիևը հրավիրել էր Ստեփանակերտ՝ նրանց ներկայությամբ լեգիտիմացնելու իր հերթական հակահայկական ելույթը։ Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության առանցքում այսօր կանգնած է պատմության վերաշարադրման փորձը՝ հիմնված խեղաթյուրված և մանիպուլյատիվ մոտեցումների վրա։

Ադրբեջանի նախագահի ելույթի գրեթե կեսը նվիրված էր Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։ Ըստ նրա՝ իբր Հայաստանը ոչնչացրել է Արցախի (իր բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի») քաղաքներն ու գյուղերը, մշակութային և կրոնական հուշարձանները։

Մասնավորապես, նա հայտարարեց, թե Արցախում առկա 67 մզկիթներից 65-ը իբր հավասարեցվել են հողին, իսկ մնացած երկուսն էլ վնասվել են և օգտագործվել որպես ախոռներ։ Ալիևն այս անհիմն մեղադրանքներին նաև վտանգավոր երանգ հաղորդեց՝ հայտարարելով, թե խոսքը վերաբերում է «իսլամական կրոնի և աշխարհի մուսուլմանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին»։

Ըստ նրա՝ իբր հայերը թալանել և Հայաստան են տեղափոխել ադրբեջանցիների գերեզմանաքարերը, իսկ Ադրբեջանի կողմից ձևավորված պետական հանձնաժողովն էլ «գնահատել է» Հայաստանի հասցրած վնասը 150 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով։

Հարց է ծագում՝ միջազգային ո՞ր կազմակերպություններն ու ե՞րբ են արձանագրել այն «վանդալիզմը», որի մասին պարբերաբար խոսում է Բաքուն։ Իրականում, ամբողջապես հակառակ պատկերն է փաստագրվել միջազգային մի շարք կառույցների և դիտորդական առաքելությունների կողմից։

Օրինակ՝ «Caucasus Heritage Watch»-ը, հիմնվելով արբանյակային պատկերների վրա, փաստագրել է Արցախի տարածքում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը։

Կազմակերպության՝ 2024 թվականի հունիսին հրապարակված զեկույցում արձանագրվել է հայկական եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների, խաչքարերի և մշակութային այլ կառույցների կորստի 75% աճ։

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2025 թվականի զեկույցում հստակ մատնանշվել է, որ Ադրբեջանը վարում է կազմակերպված քաղաքականություն՝ միտված Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության վերացմանը։

Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ ստացված բազմաթիվ հաղորդագրությունների առնչությամբ։ Վերջինս փորձել է առաքելություն ուղարկել Արցախ՝ մշակութային ժառանգության վիճակը գնահատելու նպատակով, սակայն առաքելությունը մինչ օրս այդպես էլ չի կայացել՝ Ադրբեջանի անհամաձայնության պատճառով։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր