211652_close_icon
views-count721 դիտում article-date 11:12 09-09-2025

Հայաստանի խորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը

Հայաստանի խորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի 2025 թվականի գործունեության տարեկան հաղորդումը։ 

Հաղորդումը պատգամավորներին ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ 

Նա նշեց, որ հաղորդումը ներառում է 2 փաստաթուղթ. 2025 առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը և 2024 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումը։ 

Մարտին Գալստյանը նախ անդրադարձավ 2024 թվականի զարգացումներին և ներկայացրեց այն մակրոտնտեսական միջավայրը, որն ընկած է ՀՀ կենտրոնական բանկի կողմից կառուցված մակրոտնտեսական սցենարների և 2025 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում։ 

«Նշեմ, որ 2024 թվականի սկզբին Կենտրոնական բանկը ներդրել է քաղաքականության մշակման, վերլուծությունների և որոշումների կայացման նոր հայեցակարգ, որի ներքո Կենտրոնական բանկն առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը խելամիտ կառավարելու նպատակով կառուցում և դիտարկում է տնտեսական իրավիճակի զարգացման 2 սցենար։ 

Դրանցից մի խումբը, որը մենք կոչում ենք Ա տիպի սցենարներ, ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքների ավելի բարձր ուղեգիծ, իսկ Բ տիպի սցենարները՝ սպասումների համեմատությամբ ավելի ցածր տոկոսադրույքների ուղեգիծ։ Այս համատեքստում 2024 թվականի սկզբին  մակրոտնտեսական միջավայրում առկա անորոշությունների պայմաններում դիտարկվում էին տարբեր սցենարներ, որոնցից Ա տիպի սցենարները մատնանշում էին Հայաստանի չեզոք տոկոսադրույքի և ռիսկի հավելավճարի բարձր մակարդակում ձևավորման ռիսկերը՝ պայմանավորված ԱՄՆ-ում չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշություններով, աշխարհաքաղաքական զարգացումներով և Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով։ Ա տիպի սցենարները նաև ենթադրում էին ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի ձևավորում և երկարատև պահպանման հետ կապված սցենարներ։ 

Բ տիպի սցենարները ներառում էին շինարարության ճյուղի աճի աստիճանական դանդաղման, ներքին և արտաքին պահանջարկի և աշխատանքի շուկայի պայմանների արագ թուլացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսական աճի դանդաղման հեռանկարների հետ կապված ռիսկերը։ Մենք գնահատում էինք, որ սպասվող մակրոտնտեսական զարգացումների և մեր կողմից ռիսկերի խելամիտ կառավարմամբ իրականացվող դրամավարկային քաղաքականության ներքո 12-ամսյա գնաճը  միջնաժամկետում կկայունանար նպատակային ցուցանիշի շուրջ։ 2024 թվականին աշխարհաքաղաքական զարգացումների և պահպանվող անորոշությունների պայմաններում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում արձանագրվել են ոչ միանման տնտեսական զարգացումներ։ ԱՄՆ-ում և Ռուսաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է, որին մեծապես նպաստել է ներքին սպառման բարձր աճը, իսկ եվրագոտում տնտեսական աճն էականորեն նվազել է։ Համաշխարհային գնաճը շարունակել է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս պահպանվել են հարաբերական բարձր»,- մանրամասնեց Մարտին Գալստյանը։ 

ԿԲ նախագահը հավելեց, որ 2024 թվականի ընթացքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ընդհանուր առմամբ դիտվել են թույլ գնանկումային ազդեցություններ։ Նրա խոսքով՝ միայն տարեվերջին գնաճային որոշակի ռիսկերի նյութականացման պայմաններում արտերկրից փոխանցվել են թույլ գնաճային ազդեցություններ։ 

Նմանատիպ նյութեր