211652_close_icon
views-count2431 դիտում article-date 11:34 09-09-2025

Հայաստանում 2024 թվականի ընթացքում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն. Մարտին Գալստյան

Հայաստանում 2024 թվականի ընթացքում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված գերազանցապես ծառայությունների, շինարարության և առևտրի ոլորտներում արձանագրված բարձր աճերով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ 

«Այդուհանդերձ, երկրորդ կիսամյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի դանդաղում, և տնտեսական աճը մոտեցել է գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ 2024 թվականի համար կազմելով 5.9 տոկոս։  

Հաշվետու ժամանակահատվածում համախառն պահանջարկը ճշգրտվել է, ևս մոտեցել իր կայուն մակարդակին։ Պահանջարկի կառուցվածքում դիտվել է արտաքին պահանջարկի աճի տեմպի աստիճանական դանդաղում՝ կապված առավելապես զբոսաշրջության հոսքի նվազման հետ։ Փոխարենը զգալիորեն աշխուժացել է ներքին պահանջարկը՝ պայմանավորված մասնավոր սպառման բարձր աճով, որին նպաստել են եկամուտների շարունակական ավելացումն ու նախկինում կուտակված խնայողությունների ծախսումը»,- ասաց Գալստյանը։

Նա հավելեց, որ պահանջարկի աստիճանական դանդաղումն ու աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն մեղմել են աշխատաշուկայի պայմանները։ ԿԲ նախագահի խոսքով՝ այս ամենն արտահայտվել է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների կայունացմամբ։ 

«Գնաճային նման զարգացումների ներքո 2024 թվականին մենք շարունակել ենք աստիճանաբար նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ 2.25 տոկոսային կետով և դեկտեմբերին այն կազմել է 7 տոկոս։ Ընդ որում, նախապատվությունը մշտապես տրվել է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացմանը»,- ընդգծեց ՀՀ ԿԲ նախագահը։ 

Մարտին Գալստյանը հայտնեց, որ 2024 թվականի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5 տոկոս, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 0.9 տոկոս։ 

Նմանատիպ նյութեր