211652_close_icon
views-count3625 դիտում article-date 10:43 07-05-2026

Կառավարության ֆինանսավորմամբ սկսվել է Աբովյան քաղաքում ճանապարհների հիմնանորոգումը. վերականգնվում է ԽՍՀՄ տարիներից գործող շրջանաձև երթևեկությունը. Աբովյանի քաղաքապետը և «Ճանապարհային դեպարտամենտի» պաշտոնյաները հետևում են աշխատանքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը սկսել է մարզերում ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մոտ 1 ամիս է՝ այդ աշխատանքները սկսվել են նաև Աբովյան քաղաքում։ Այս պահին արդեն Հանրապետության պողոտա, Երևանյան և Սևանի փողոցների խաչմերուկում փոխվել են ջրահեռացման խողովակները, կոյուղատարերը, ապամոնտաժվել են հները և տեղադրվել նոր, ավելի մեծ տրամաչափի և որակյալ խողովակներ։

Ասֆալտապատումն էլ ըստ ճանապարհաշինարարների կատարվում է 3 շերտով։ Մինչ այդ լցնում են խճաքարեր և կատարում բիտումի աշխատանքներ։

Նշված հատվածում դեռ սովետական տարիներին եղել է շրջանաձև երթևեկություն, ինչը ԽՍՀՄ փլուզումից հետո վերացվել է ու հիմա «Ճանապարհային դեպարտամենտը» որոշել է, որ պետք է այն վերականգնվի ու աշխատանքներ են կատարում՝ բազալտե եզրաքարերով վերականգնելու շրջանաձև գոտին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ նշում էին, որ շատ ողջունելի է, որ սովետական տարիներից եղած այդ շրջանաձև երթևեկությունը վերականգնվում է, ինչն էլ կնվազեցնի վթարների թիվը։ Մյուս մասն էլ նշում էին, որ դա օգուտ չի տա, մի մասն էլ նշում, որ շրջանը բավականին մեծ է, պետք է մի քիչ փոքրացվի, որպեսզի տրանսպորտի շարժը մեկը մյուսին չխանգարի։

Երեկ՝ մայիսի 6-ին, այսպես ասած շինհրապարակ էր ժամանել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ով մասնագետների և ճանապարհաշինարարների հետ հենց տեղում քննարկումներ ունեցավ։ Շրջանաձև գոտին շահագործելուց հետո նշված հատվածից հեռացվելու են երթևեկությունը կարգավորող լուսակիրները, իսկ շրջանաձև գոտու մեջտեղում, Աբովյանի քաղաքապետի մտահղացմամբ, տեղադրվելու է եռագույն դրոշը՝ 30 մետր բարձրությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր անընդհատ վարորդներին ձայնային կապով հորդորում են, որպեսզի երթևեկեն շրջանաձև, այլ ոչ թե ճանապարհը հատեն նախկինի նման ուղիղ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր