211652_close_icon
views-count2389 դիտում article-date 18:28 07-05-2026

Խոշոր ավտովթար՝ Ձորաղբյուրում. «Kia»-ն բախվել է կայանված «BMW»-ին, ապա բետոնե էլեկտրասյանը. ըստ «Kia»-ի վարորդի հարազատների՝ վթարի պատճառը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ձորաղբյուր բնակավայրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում «Kia»-ի վարորդի հարազատը նշում էր, որ վթարի պատճառը եղել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները, որոնցից մեկը իր վարած ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել «Kia»-ի վարորդի համար, ինչից հետո էլ «Kia»-ն բախվել է կայանված «BMW»-ին, իսկ հետո բետոնե էլեկտրասյանը։ Վթարից հետո էլ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից մեկը ավտոմեքենայով վերադարձել էր դեպքի վայր, մի պահ կայանել ու տեսել էր վթարը, ապա նշված ավտոմեքենայով հեռացել։

Նշված տեղեկատվությունը ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում պարզվում է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կայանված «BMW»-ն պատկանում է Ավան-Առինջ միկրոշրջան թաղամասի բնակիչ 43-ամյա Լևոն Ս.-ին, իսկ «Kia»-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռոմիկ Ք.-ն։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր