211652_close_icon
views-count3154 դիտում article-date 21:30 07-05-2026

Գագիկ Ծառուկյանի պատճառով թեժ լեզվակռիվ Գյումրիում՝ ՔՊ-ականների ու Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջև․ պատգամավորի որդու կոշտ արձագանքը․ Aravot.am

Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ այսօր քաղաքական թեժ վիճաբանություն ու անզիջում լեզվակռիվ տեղի ունեցավ Գյումրու ավագանու նիստում։

Լեզվակռիվն այնքան սաստկացավ, որ նիստը վարող Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը մի պահ չէր կարողանում զսպել երկու ուժերին՝ Մարտուն Գրիգորյանի թիմակիցներին ու ՔՊ-ականներին։

Վիճաբանությունը սկսվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանի՝ ավագանու նիստերի դահլիճից հնչեցրած քաղաքական ելույթից հետո։ Ավագանու անդամն անդրադարձավ օրերս Գյումրի այցելած Գագիկ Ծառուկյանին, քննադատեց նաև Մարտուն Գրիգորյանին, որը բարկացրեց պատգամավորի որդուն՝ ավագանու անդամ Կարեն Գրիգորյանին, ինչպես նաև պատգամավորի օգնական, Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանին։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը Գյումրի կատարած այցի ժամանակ զրույց էր ունեցել ՔՊ-ական մի երիտասարդի հետ, ով պնդում էր, որ ՔՊ-ականները լավ էլ աշխատում են։ «8 տարի անցել է, ձեր ցավը տանեմ, ձեր ո՞ր մի ասածն եք արել»,- հարցնում էր Ծառուկյանը։ ՔՊ-ական երիտասարդը պատասխանում էր․ «Ճանապարհները», որը լսելով՝ Գագիկ Ծառուկյանը լիաթոք, բարձրաձայն ծիծաղում է՝ շարունակելով․ «Ախպեր, բա դուք չէի՞ք ասում․․․

Հիշում ես, որ ասում էիք՝ Արցախը Հայաստան է և վերջ, ասե՞լ եք, ասել եք, որ մի սանտիմետր չենք տալու։ Որ ասում էինք՝ ժողովրդի թոշակը քիչ է, չի կարողանում միս առնի, ասում էիք՝ թող խոտ ուտեն։ Ինձ մի խոսք կա, եղբայր, ձեզ ենք ընտրել, չեք կարող անել, թողեք գնացեք, ով կարա անի, նա կանի»։

Գյումրու ավագանու անդամը իր ելույթով պատասխանեց Գագիկ Ծառուկյանին՝ թվարկելով ՔՊ-ի կատարած աշխատանքները՝ թոշակները բարձրացնելը, փողոցները ասֆալտապատելը, խաղաղություն հաստատելը։ Էմմա Բարսեղյանը, Գագիկ Ծառուկյանին անդրադառնալիս, դիմեց Մարտուն Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին՝ ասելով, որ խոսքը ուղղում է նրան։ «Խոսքս ուղղում եմ ձեզ, պարոն Գրիգորյան, քանի որ այդ ուժի ներկայացուցիչը Գյումրիում ձեր հայրն է։ Խոսքս վերաբերում է ձեր ներկայիս քաղաքական ղեկավարին, ինչո՞ւ նշեցի ներկայիս, որովհետև յուրաքանչյուր ընտրություններին ընդառաջ դուք փոխում եք ձեր քաղաքական հավատամքն ու ղեկավարին։

Խնդրում եմ այդ անձին փոխանցեք (խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է), որ Հայաստանի որ անկյունում էլ ոտք դնի, մարդիկ կանգնելու են իրենց իրավունքների կողքին և բարձրաձայնելու են Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքները»,- մասնավորապես ասաց ՔՊ-ական բանախոսը՝ խնդրելով քաղաքական ուժերին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին՝ Շիրակի մարզ մտնելիս՝ պիտակներ չկպցնել շիրակցիներին։

«Պիտակներ կպցնելուց առաջ թող հիշի «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Սերժ Սարգսյանի կողմից նրան վերագրված պիտակը։ Գյումրին արժանի է հարգանքի, լուսավոր, պայծառ, խաղաղ վաղվա օրվան»,- ասաց ավագանու ՔՊ-ական անդամը։ Մարտուն Գրիգորյանի որդին, լսելով ՔՊ-ականի ելույթը, նրան հիշեցրեց Արցախի մասին։

«Դե հիմա լսեք, ինչ ենք ասում մենք»,- ասաց Կարեն Գրիգորյանը՝ շարունակելով․ «4 տարի, երբ դուք քաղաքային իշխանություն էիք, մանկապարտեզներում, սպորտդպրոցներում ոչինչ եք արել, հիմա չեք խոսում դրանից, խոսում եք չգիտեմ ինչերից։

Հունիսի 7-ին լինելու է այն, ինչ լինելու է, իշխանափոխություն լինելու է, սպասեք դրան, դուք մտածեք Արցախ մասին։ Քարտեզը, որ կպցրած է, չմոռանաք, որ մինչև 2019 թվականը եղել է նաև Արցախի Հանրապետությունը»։ Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի ղեկավար Լիզա Գասպարյանը ևս կոշտ արձագանքեց․ «Նախ դուք այն խմբակն եք, որը Հայաստանի Հանրապետությանը Արցախից թողել եք Արցախի դրոշը։ Եվ հիմա Արցախ բառը լսելիս՝ դողէրոցքի մեջ եք ընկնում։ Դա մեկ։

Երկրորդը՝ տիկին Բարսեղյան, ձեր խմբակի կանանց և ձեզ խորհուրդ կտամ տալ այնպիսի քաղաքական գործչի անուն և համեմատվել, փորձել քննադատել, ով ձեր անցած ճանապարհին հավասար ճանապարհ ունի։

Կգնաք, 20 տարի կանցնենք մեր քաղաքական թիմի՝ Մարտուն Գրիգորյանի անցած ճանապարհով, կմեծանաք, փորձառություն ձեռք կբերեք, 2046 թվականին ձեզ և ձեր խմբակի մյուս կանանց կհրավիրեմ սուրճի սեղանի շուրջ և կխոսենք մեծ քաղաքականությունից և քննադատությունից»։ Լիզա Գասպարյանը հիշեցրեց, որ ՔՊ-ն ևս կառավարել է Գյումրին, իշխանության մաս է կազմել, և այս քաղաքի փողոցաշինության, չկառուցած մանկապարտեզների ու սպորտդպրոցների մեղքն էլ է ՔՊ-ի վզով, և այս քաղաքի կյանքը հետ գցող ամեն բան ՔՊ-ի մեղքով է։

«Մի փորձեք քաղաքական քարոզարշավներ անել, շոուներ անել, ձեր բերած խաղաղությունը տեսնում ենք, ինչպիսի խաղաղություն է, ձեր բարձրացրած թոշակները տեսնում ենք, ինչպիսի բարձրացում է։ Ընդամենը օրինականացված կաշառք եք բերել, դուք գնացեք Թալինում ձեր կաշառքի ցուցակները հրապարկեք, որ ձեր քաղաքապետը ընտրակաշառք է բաժանում 11 միլիոն դրամի և փորձեք ավելի զսպված քարոզարշավ վարել։

Պետք չէ ուղղակի ճղճղալ, պետք չէ կանանց բերանով էստեղ քարոզարշավի նոտաներ թելադրել, փորձեք ավելի զուսպ, ավելի կոռեկտ և ավելի գրագետ քարոզարշավ վարել։ Սա խորհուրդս ձեր խմբակին»։ Կրքերն այնպես թեժացան, որ քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը չէր կարողանում զսպել։

ՔՊ-ական Վահագն Մկրտչյանը՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը, ասաց, որ 4 տարի քաղաքային իշխանության մաս չեն եղել։ «Եղել եք, եղել եք»,- պնդեց Մարտուն Գրիգորյանի որդին։ «Տարիքային հասունացման նման բաներից խոսալու համար չեմ կարծում, տիկին Գասպարյան, որ մենք առիթ ենք տվել անձնական վիրավորանքների դաշտ անցնելու։

Կխնդրեմ, կհորդորեմ անձնական վիրավորանքների դաշտ չանցնել, մենք համենայնդեպս քաղաքակիրթ մարդ ենք, մենք խմբակցության անդամներ ենք, խնդրում եմ ձեր բառերում լինեք առավելագույնս զգույշ և ուշադիր, պահեք կոռեկտության բոլոր սահմանները»։ «Առաջինը ձեր խմբակցությանը հորդորեք»,- ասաց Մարտուն Գրիգորյանի որդին, որից հետո լեզվակռիվը թեժացավ։

Վահագն Մկրտչյանը շարունակեց․ «Ինչ մնում է նրան, թե Արցախի անունը լսելիս՝ մենք սրթսրթում ենք, ուրեմն կգնաք, կհարցնեք, թե 30 տարիներին Արցախից քանի միլիոն փող են լափել, Հայաստանի ժողովրդից քանի միլիարդ դոլարներով փող են լափել։ Դրա մասին խոսում են հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործերը այն ժամանակվա կառավարիչների մասին, թե քանի միլիարդ փող են լափել, ու ձեր հարցի պատասխանն արդեն կտեսնեք՝ թե ով է սրթսրթում Արցախ բառն ասելուց»։

Ավետիս Առաքելյանը ևս խոսեց՝ խնդրելով անձնական դաշտ չմտնել, պահել էթիկան։ Նա ՔՊ-ականներին քննադատեց, թե հենց նրանք են մարդկանց մականուններ տալիս, պիտակավորում։  

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր