211652_close_icon
views-count1105 դիտում article-date 15:23 08-05-2026

Արտակարգ իրավիճակ՝ Գյումրի քաղաքի Մայակովսկի և Ջիվանի փողոցների մի քանի տներում. խմելու ջուրը 2 ամիս է լցվում է նկուղներ, իսկ տեղական չինովնիկները «ուղտի ականջում քնած են». Վարդան Ղուկասյանի բացակայությունն այս դեպքում էլ է երևում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մոտ 2 ամիս է՝ Գյումրի քաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել ու մի քանի սեփական տների բնակիչներ, հիմնականում՝ տարեցներ և անչափահասներ, հայտնվել են անօգնական վիճակում և ամեն պահի սպասում են, թե երբ են տները փլուզվելու։

Այսօր՝ մայիսի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«2 ամիս առաջ հայտնաբերեցինք, որ Մայակովսկի և Ջիվանի փողոցներում մի քանի տների նկուղներ ողողվում են ջրով։ Մտածեցինք՝ գուցե ձնհալի հետևանքով տների արանքներում ինչ-որ բաց կա ու ձնհալը լցվում է նկուղներ։ Բայց հետո պարզեցինք, որ ոչ ձնհալ է, ոչ ոռոգման ջուր, ոչ կոյուղի, վստահ ենք, որ այն խմելու ջուր է, քանի որ նախ ջուրը շատ զուլալ է և բացի այդ, ոչ մի կասկածելի հոտ չի գալիս։ 

Սկսեցինք դիմել պատկան մարմիններին, էլ Շիրակի մարզպետարան, էլ «Վեոլիա ջուր», էլ ջրմուղ, նույնիսկ սանիպետկայան ենք դիմել, դե Գյումրու քաղաքապետարան էլ ի՞նչ դիմենք, եթե մեր դարդերով տապալվող, մեր դարդին դարման անող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է։ Դրա համար ասացինք՝ Գյումրիի քաղաքապետարան էլ չդիմենք, մյուս կառույցներին ենք դիմել, բայց ստացել ենք քար անտարբերություն։ Միայն մեր մոտ «Վեոլիա ջրում» մի պաշտոնյա կա՝ Վարոսյանը, էդ մարդն իր գործից էնքանով է հեռու, ոնց որ խոզը տուռնիկից։ Իր հիմնարկից 3 հոգի եկան, նկուղում լցված ջուրը տեսան ու այդքանով իրենց գործը համարեցին ավարտված ու գնացին։ Մի քանի օր անընդհատ զանգահարում ենք «Վեոլիա ջրի» պատասխանատուներին, բայց էլ չեն էլ արձագանքում մեր զանգերին։ Հիմա չգիտենք՝ որ կառույցին դիմենք, որ էս ջրի հարցը լուծեն։

Աշխարհում, Հայաստանում, այդ թվում՝ Շիրակի մարզում, տո հենց Գյումրիում հարյուրավոր ընտանիքներ օրերով, շաբաթներով, նույնիսկ ամիսներով խմելու ջրի խնդիր ունեն, իսկ այստեղ երկու ամիս է ջուրը կորչում է, «Վեոլիա»-ից պատասխանում են, թե դա խմելու ջուր չէ, իրենց խնդիրը չէ, և չեն էլ փորձում մասնագետների խումբ ուղարկել։

Հիմա ենք զգում, որ մեր քաղաքը մատնված է անտերության։ Բա եթե Վարդան Ղուկասյանը լիներ, էս հարցը ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում կլուծվեր։ Հլը թող ինքը ձերբակալված չլիներ, տես ոնց էդ «Վեոլիա ջրին» տոկի կտար։ Իսկ հիմա լրիվ բարձիթողի վիճակ է։ Նասոսներ ենք էստեղից, էնտեղից ճարել ու բերել ենք, նկուղներից ջուրը հեռացնում ենք, բայց ժամեր հետո նորից ջուրը լցվում է ու հիմա արդեն տների հիմքերն են փչանում ու դրա արդյունքում տները կդառնան վթարային և փլուզումն ապահովված է։

Գյումրու մարզպետը, էդ «Վեոլիա ջրի» Գյումրու մեծն Վարոսյանը պիտի օր առաջ էս խնդիրը լուծեն, հակառակ դեպքում ամեն օր արժանանալու են բնակիչների անեծքների ու «քաղցր խոսքերին»։ Իսկ որ դրանց թերի աշխատանքի արդյունքում ավելանում է այն տների թիվը, որոնց տարածքները գրոհում է ջուրը, գաղտնիք չէ»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջուրը իրոք բավականին զուլալ է, կասկածելի ոչ մի հոտ չի գալիս ու բնակիչների մտավախությունը տեղին է, որ պատասխանատուները օր առաջ խնդիրը լուծելու փոխարեն իրենց տաքուկ կաբինետներում նստած մտածում են միայն «թափանները լցնելու» մասին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր