211652_close_icon
views-count1162 դիտում article-date 18:20 09-05-2026

«Զեյրօ». կայացավ հայկական արհեստական բանականության պաշտոնական շնորհանդեսը

Հայաստանում արհեստական բանականության ոլորտում նոր նախաձեռնություն է ներկայացվել․ մայիսի 8-ին տեղի ունեցավ «Զեյրօ» նախագծի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում խոսվեց հարթակի ստեղծման գաղափարի, դրա տեխնոլոգիական հնարավորությունների և ապագա զարգացման ծրագրերի մասին։

Երեկոն մեկնարկեց հյուրերի ընդունելությամբ, որից հետո բեմ բարձրացավ միջոցառման վարողը և «Զեյրօ»-ի ամբասադոր Եգոր Գլումովը՝ ողջունելով ներկաներին և ազդարարելով շնորհանդեսի պաշտոնական մեկնարկը։

Նախագծի հիմնադիր Սամվել Թադևոսյանը ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել «Զեյրօ»-ի գաղափարը՝ պատմելով, որ այն սկզբնավորվել է 17-ամյա Արման Ասատրյանի մտահղացմամբ։

Թադևոսյանի խոսքով՝ «Զեյրօ»-ն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք այն տարբերում են այլ արհեստական բանականության համակարգերից։ Նա նաև խոսեց այն հեռանկարների մասին, որոնք նախատեսվում են հայկական AI նախագծի հետագա զարգացման համար։

Հիմնադիրը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ հավելվածն օգտատերերի համար հասանելի է անվճար, ինչը, ըստ նրա, այն դարձնում է առավել հասանելի լայն շրջանակների համար։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց նաև «Զեյրօ» անվան գաղափարական հիմքը։ Առանձին անդրադարձ եղավ համացանցում մեծ հետաքրքրություն առաջացրած «զեբրիկին», որը պաշտոնապես ներկայացվեց որպես նախագծի խորհրդանիշ։

Ծրագրի հեղինակ Արման Ասատրյանը խոսեց համակարգի տեխնիկական կառուցվածքի, հնարավորությունների և արդեն իսկ արձանագրված հաջողությունների մասին։

Պատանի հեղինակի խոսքով՝ իր հիմնական նպատակը «Զեյրօ»-ն միջազգային շուկայում մրցունակ և ճանաչված տեխնոլոգիական լուծում դարձնելն է։

Արմանը խոսեց նաև Սամվել Թադևոսյանի հետ համատեղ աշխատանքի մասին՝ ներկայացնելով համագործակցության ընթացքն ու դրա նշանակությունը նախագծի զարգացման համար։

Երեկոյի ընթացքում հյուրերի համար նախատեսված էր նաև երաժշտական հատված՝ «Մալխաս բենդ»-ի մասնակցությամբ։ Պաշտոնական ներկայացումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան շփվել նախագծի թիմի, ծրագրավորողների ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել նախագծի մանրամասներն ու ծանոթանալ դրա աշխատանքային սկզբունքներին։

Միջոցառմանը ներկա էին տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և մեդիայի ներկայացուցիչներ, որոնք առաջիններից էին ծանոթանում հայկական նոր AI հարթակին։

«Զեյրօ»-ի շնորհանդեսը կարելի է համարել կարևոր քայլ տեղական տեխնոլոգիական միջավայրի զարգացման ճանապարհին՝ ընդգծելով, որ Հայաստանում նույնպես ստեղծվում են արհեստական բանականության սեփական տեխնոլոգիական լուծումներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր