211652_close_icon
views-count1609 դիտում article-date 18:26 09-05-2026

Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Նիկո» խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավորներից անչափահասին հիվանդանոց են տեղափոխել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Տիգրանյան և Ադոնց փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 37-ամյա Լիլիթ Ա․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել հետիոտնին և բախվել «Նիկո» խանութի ապակե ցուցափեղկին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների երեխա է եղել, տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենայի 1 ուղևոր՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր իրենց ծառայողական ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Նիկոլյանը և Վահե Հարությունյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի մեղավրը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդ, ով վթարային իրավիճակ է ստեղծել «Toyota»-ի համար, ապա դեպքի վայրից դիմել փախուստի, ինչից հետո էլ «Toyota»-ի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վրաերթը։

Այս տեղեկությունը պարեկային ծառայությունը ճշտում է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից