211652_close_icon
views-count2038 դիտում article-date 22:12 09-05-2026

Սիս բնակավայրի վարչական ղեկավարն արձագանքել է իր բնակիչների կողմից արդարացիորեն բարձրաձայնված գազաֆիկացման խնդրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ը երեկ՝ մայիսի 8-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Սիս բնակավայրում տիրող լարված իրավիճակի մասին, երբ բնակիչները 3 տարի է պայքարում են, որպեսզի գյուղը գազաֆիկացվի և այդ հարցով երեկ դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր, որ աշխատանքների մեծ մասը կատարվել են, սակայն գործն ավարտին չի հասցվել և դա տեղական չինովնիկների մեղքով։ Այստեղ ոչ ՀՀ կառավարության մեղավորությունը կա, ոչ էլ «Գազպրոմ Արմենիա»-ի։

Դեռ մարզի չինովնիկները պետք է աշխատանքները հասցնեն ավարտին, որ հետո այն հանձնեն «Գազպրոմ Արմենիա»-ին։

Հրապարակումից կարճ ժամանակ անց Սիս բնակավայրի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել խնդրի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Շնորհակալություն եմ հայտնում խնդրի լուսաբանման համար և տեղեկացնում եմ Սիս վարչական շրջանի բնակիչներին, որ ես՝ որպես Սիս վարչական շրջանի ղեկավար, ձեռնամուխ եմ եղել և շարունակելու եմ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի բնակիչների կյանքի որակն էլ ավելի բարելավվի, և բնական գազի խողովակաշարի հոսքն ապահովվի օրենքով սահմանված կարգով։

Մեր նպատակն է, որպեսզի բնակիչներն ունենան կենսական պայմանների ապահովման հնարավորություն և կարողանան օգտվել բնական գազից։

Նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում Սիս վարչական շրջանի բնակիչներին՝ միասնական լինելու, խնդիրը բարձրաձայնելու և այն հանրային հարթակ տեղափոխելու համար։

Հարգելի՛ ընկերներ, մենք պետք է միասին պայքարենք, որպեսզի խնդիրը ստանա իր ճիշտ հանգուցալուծումը և ապահովվի օրենքի գերակայությունը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ մայիսի 8-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Մասիս խոշորացված համայնքի Սիս բնակավայրի բնակիչները հավաքվել էին գյուղի կենտրոնում՝ իրենց բողոքի և պահանջի ձայնը հասցնելու համապատասխան կառույցներին և հատկապես «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով վերջնականապես լուծում տալ գյուղի գազաֆիկացման խնդրին։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները նշել էին, որ դեռ շուրջ 3 տարի առաջ Մասիսի համայնքապետարանի միջոցներով գյուղում իրականացվել էին գազատար համակարգի կառուցման աշխատանքներ։ Անցկացվել էր հիմնական խողովակաշարը, և գյուղի մի քանի ընտանիքներ նույնիսկ հասցրել էին բաժանորդագրվել, սակայն բնակիչների ճնշող մեծամասնությունը մինչ օրս զրկված էր կապույտ վառելիքից օգտվելու հնարավորությունից։

«Գյուղի շուրջ 99 տոկոսը մինչ այսօր գազ չունի։ Տները ստիպված ենք ջեռուցել հոսանքով, փայտով կամ այլ միջոցներով։ Նույնիսկ դպրոցի շենքն է փայտով ջեռուցվում, այն դեպքում, երբ գազատարը հասնում է մինչև դպրոց։ Մեզ ասում են, թե ինչ-որ չափանիշների խնդիր կա, բայց արդեն երեք տարի է՝ հարցը մնում է օդում կախված»,- նշել էին բնակիչները։

Գյուղացիների խոսքով՝ հատկապես ձմռան ամիսներին ստեղծվող իրավիճակը դառնում է առավել ծանր, քանի որ էլեկտրաէներգիայի և փայտի ծախսերը զգալի բեռ են դառնում ընտանիքների համար։ Նրանք վստահեցնում էին, որ բազմիցս դիմել են տարբեր ատյանների, սակայն խնդիրը լուծում չէր ստացել։

Սիսի բնակիչները նաև դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ վարչապետը լավ ծանոթ էր իրենց գյուղի խնդիրներին և հույս հայտնելով, որ նրա միջամտությամբ հարցը վերջապես կստանար դրական լուծում։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր