211652_close_icon
views-count382 դիտում article-date 20:00 11-05-2026

Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի արգելափակումը հանգեցրել է էներգակիրների և պարարտանյութերի գների կտրուկ աճի, ուստի այն անհրաժեշտ է ամբողջությամբ բացել առանց սահմանափակումների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Գուտերեշն այս մասին ասել է Նայրոբիում կայացած մամուլի ասուլի ընթացքում։

«Մենք տեսնում ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով, և հենց այդ պատճառով էլ կարծում ենք, որ բացարձակապես անհրաժեշտ է այն ամբողջությամբ և առանց սահմանափակումների բացել»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը կողմերին կոչ է արել բացել նեղուցը, քանի որ դա միակ ճանապարհն է էներգակիրների և պարարտանյութերի գները մինչպատերազմյան մակարդակին վերադարձնելու համար։

Գուտերեշը նշել է, որ մի շարք երկրներ արդեն կանգնած են պարենային ճգնաժամի վտանգի առաջ՝ պարարտանյութերի պակասի պատճառով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ միջազգային տնտեսության վրա նման ազդեցությունը անընդունելի է։

«Անիմաստ է, որ մի քանի երկրների միջև հակամարտությունն այնպիսի ազդեցություն ունենա, որը խաթարում է համաշխարհային տնտեսությունը»,- հայտարարել է Գուտերեշը։

Նմանատիպ նյութեր