211652_close_icon
views-count241 դիտում article-date 14:23 14-05-2026

Ժնևում ներկայացվել է Դեբեդ-Խրամի անդրսահմանային գետավազանում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ընթացքը

2026 թ. մայիսի 5-7-ը Ժնևում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է անդրսահմանային գետավազաններում մոնիթորինգի, գնահատման և տվյալների փոխանակման վերաբերյալ գլոբալ աշխատաժողով։
 
Քննարկվող թեմաներն անմիջականորեն առնչվում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեությանը։ Աշխատաժողովը կարևոր հարթակ էր միջազգային գործընկերներին հայ-վրացական համագործակցության արդյունքները ներկայացնելու և մասնագիտական քննարկումներին մասնակցելու համար։
 
Աշխատաժողովի շրջանակում շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Խրամի-Դեբեդ անդրսահմանային գետավազանում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ընթացքը։ Նա անդրադարձել է նաև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության միջև ստորագրված համագործակցության հուշագրին՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ անդրսահմանային համագործակցության և գետավազանի արդյունավետ կառավարման ուղղությամբ։
 
Ընդգծվել է, որ հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության խորացման, ինչպես նաև Խրամի-Դեբեդ գետավազանի արդյունավետ և համատեղ կառավարման ապահովման տեսանկյունից։
 
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայ-վրացական համագործակցության շրջանակում արձանագրված առաջընթացը՝ ընդգծելով, որ Դեբեդ-Խրամի գետավազանի համատեղ մոնիթորինգը կարևոր հիմք կհանդիսանա վստահելի տվյալների վրա հիմնված կառավարման արդյունավետ միջոցառումների պլանավորման համար։
 
Նշվել է նաև, որ համագործակցությունը կնպաստի երկու երկրների մոնիթորինգային դիտացանցերի, դաշտային չափումների և լաբորատոր փորձարկումների մեթոդաբանությունների ներդաշնակեցմանը, տվյալների համադրելիության բարձրացմանը, ինչպես նաև տվյալների փոխանակման տեխնիկական ձևաչափերի միասնական կիրառմանը։

Նմանատիպ նյութեր