211652_close_icon
views-count1021 դիտում article-date 19:49 16-05-2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ վարորդների կողմից Թբիլիսյան խճուղում մահաբեր անունն ստացած մի քանի մետրանոց «մարդաբոյ» փոսն ամբողջությամբ ասֆալտապատվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ մայիսի 15-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում հազարավոր վարորդների կողմից «մահաբեր» անունը ստացած՝ողջ երկայնքով փոսի մասին, երբ ավտոմեքենաները մթին հայտնվում էին այդ փոսում՝ կոտրելով անվահեծանները, թափարգելները, պայթում էին անվադողերը, երբեմն էլ տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Վարորդները պատասխանատուներին հորդորում էին, որպեսզի վերացնեն այդ «մահաբեր» փոսը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 16-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցներից մեկ ժամ պահանջվեց, մինչև որ կարողացան այդ «մահաբեր» փոսում կատարել ասֆալտապատման աշխատանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում Թբիլիսյան խճուղու մի քանի կիլոմետրանոց հատվածում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ։

Այսօր վարորդները, ովքեր արդեն անցնում էին առանց փոսի հետ «ողջագուրվելու», ասում էին.

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչական շրջանների ղեկավարները որ ուզում են, մեր դարդին դարման են լինում։ Ինչ է, պիտի մի քանի ամիս էս փոսի պատճառով ավտոմեքենաներ ջարդվեին, ավտովթարներ տեղի ունենային, որ նոր մի բան անեին։ Էն որ ասում են, լավ է ուշ քան երբեք ու այսօր փոսի միջով առանց «դըխ-շըխկի» անցնելու համար շնորհակալություն ենք հայտնում, որ վերջապես հարցը լուծվեց»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, տևական ժամանակ է Երևանի Թբիլիսյան խճուղու մի հատված հազարավոր վարորդների համար դարձել էր փորձություն։ Գրեթե ամեն օր, հիմնականում՝ երեկոյան ժամերից հետո, այդ թվում՝ մթնշաղին, վարորդները ավտոմեքենաների անվահեծաններ, թափարգելներ էին կոտրում, շատ դեպքերում էլ փողոցի ողջ երկայնքով քաղաքային իշխանության չակերտավոր ասած բարի կամքի դրսևորման արդյունքում հսկայական փոսը անիվների պայթելու պատճառ էր դառնում։ Այդ հատվածն արդեն բավականին լավ հայտնի էր շարժական վուլկանիզացիայի աշխատակիցներին, ովքեր առանց չափազանցության նույնիսկ եղել էր, որ մեկ օրում 20-ից ավելի պատվեր էին ունեցել այդտեղ՝ երբ վարորդները ընկնելով փոսը չէին կարողացել տեղաշարժվել։

Քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ, ամիսներ առաջ Թբիլիսյան խճուղում իրականացվել էին միջին նորոգման աշխատանքներ, որոշ հատվածներում էլ կատարվել էր ասֆալտապատում ու հիմա գրեթե մեկ ամիս էր Թբիլիսյան խճուղու այդ հատվածում մնացած փոսի պատճառով նախընտրական այս թոհ ու բոհին վարորդները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանին ուղարկում էին կոտրված սրտեր՝ ասելով․ «Էդ որ իրար հերթ չտալով ընկել եք փողոց առ փողոց, մարդկանց խոստանում եք ձեր սրտի չափ բարելավումներ, գոնե ձեր վարչական շրջանում գտնվող բավականին շատ շարժ ունեցող ճանապարհին երակ համարվող փոսը ասֆալտապատեք, թե չէ հետո չասեք, թե ինչի մեր սրտին դարման չեն էս մեր ընտրողները, ինչու արհամարհեցին, մեր սրտիկները ու մեր սրտին զարկերակը կանգնեցրեցին։ Էնպես որ էդ ձեռքերով, որ սրտիկներ եք անում մի քանի բուռ ասֆալտ բերեիք, որ մեզ՝ վարորդներիս, փրկեք էս վիճակից»։

Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր