211652_close_icon
views-count2944 դիտում article-date 09:35 18-05-2026

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Դավիթ Անհաղթ զբոսայգու դիմաց բախվել են «Mercedes Maybach»-ը և «Hongqi»-ն․ «Maybach»-ը բախվել է կայանված «Toyota»-ին. կան վիրավորներ. իրավապահներն ունեն կասկածներ, որ «Maybach»-ի վարորդն այլ քաղաքացի է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների հատման վայրում՝ Դավիթ Անհաղթի զբոսայգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Գ.-ի վարած «Mercedes Maybach» և Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Արայիկ Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Բախման հետևանքով «Maybach»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սուրեն Դ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Սարդարյանն ու Արմեն Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Պարեկներն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ «Mercedes Maybach»-ի վարորդը եղել է այլ անձ, սակայն վարորդ ներկայացել է Արմեն Գ.-ն։ Այդ տեղեկությունը պարզում են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր