211652_close_icon
views-count1285 դիտում article-date 19:44 21-05-2026

«Անգին» սրբապատկեր, 100 հազար դոլարանոց հավաքածու․ Արամ Սարգսյանի անհասկանալի ունեցվածքը.Oragir.news

Քաղաքական դաշտում, հատկապես՝ ընտրությունների նախաշեմին, օրնիբուն ազնվությունից խոսելը դարձել է բարի ավանդույթ, սակայն երբ հերթը հասնում է հայտարարագրերին և ունեցվածքի հետ կապված այլ փաստաթղթերին, ազնվություներից խոսողները խորհրդավոր լռություն են պահպանում, ավելին՝ անգամ չեն կատարում սեփական պարտավորությունները։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղայրը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով կրկին ցանկանում է նպաստել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, ինչպես դա Երևանի ՏԻՄ ընտրություններում արեց, հանրությանը ներկայանում է որպես սկզբունքային ընդդիմադիր և «մաքուր» կենսագրություն ունեցող գործիչ, սական վերջինիս ունեցվածքի ծագումը նույնքան մաքուր ու թափանցիկ չէ։

Ուշագրավ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Արամ Սարգսյանի անունով հայտարարագրեր չկան․ որոնման արդյունքում ցուցադրվում է «Տվյալներ չեն գտնվել» գրությունը։

Սարգսյանը հայտարարագիր է ներկայացրել միայն ընտրություններին մասնակցելու նպատակով․ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով Սարգսյանի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա տնօրինության տակ առկա են տպավորիչ և չափազանց թանկարժեք ակտիվներ։




Սարգսյանի ունեցվածքը «ջրի երես» դուրս եկավ միայն այն ժամանակ, երբ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Արամ Սարգսյանը, որպես պատգամավորության թեկնածու, արդեն ստիպված էր գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնել ԿԸՀ։

Ձեռագիր լրացված այս փաստաթուղթը վերջապես լույս սփռեց նրա իրական ունեցվածքի վրա։ Հայտարարագրի ամենաուշագրավ բաժինը «Թեկնածուի թանկարժեք գույք» հատվածն է, որտեղ սևով սպիտակի վրա նշված են՝ ասեղնագործ սրբապատկեր, որի արժեքի դիմաց գրված է ընդամենը մեկ բառ՝ «անգին»:

Ըստ հայտարարագրի՝ Սարգսյանի գրիչների հավաքածուի արժեքը գերազանցում է 100 հազար ԱՄՆ դոլարը։ Փաստացի՝ խոսքը այնպիսի արժեքի մասին է, որի համար նույնիսկ դրամական գնահատում չի ներկայացվել։ Քաղաքական գործչի դեպքում նման «անգին» արժեք ունեցող գույքի առկայությունը ոչ միայն հետաքրքրություն, այլև լեգիտիմ հարց է առաջացնում, հատկապես՝ երբ դրա ծագման վերաբերյալ տվյալներ չկան․ որտեղի՞ց է ձեռք բերվել այդ սրբապատկերը, ի՞նչ արժեք ունի իրականում, ե՞րբ է գնվել, ո՞վ է այն գնահատել, և ի՞նչ միջոցներով է այն ձեռք բերվել։




Հայտարարագրերում առկա տվյալներից երևում է նաև, որ Սարգսյանին պատկանում է նաև շուրջ 800 քմ մակերեսով առանձնատուն։ Բացի դրանից, նա հայտարարագրել է նաև թանկարժեք ավտոմեքենաներ․ 1994 թվականի «Mercedes-Benz G-Class» (Յաշիկ) և ամենավերջին՝ 2025 թվականի արտադրության շքեղ «Li L7» էլեկտրամեքենա։ Այս ամենը համալրվում է դրամական միջոցներով և ընկերություններում բաժնեմասերով։




Արամ Սարգսյանի կենսագրության մեջ առանցքային է նրա նախկին աշխատանքը «Արարատցեմենտ» գործարանում, ինչպես նաև նրա ներկայիս բիզնես փայաբաժինները («Գալիք» ՍՊԸ՝ 50%, «Հատուկ ցեմենտ» ՓԲԸ՝ 45%, «Կավաշեն» ՍՊԸ՝ 25%):

Միայն «Գալիք» ՍՊԸ-ից նրա տարեկան շահաբաժինը կազմել է ավելի քան 21 միլին դրամ։ Այս դեպքում հիմնական խնդիրը ոչ թե ունեցվածքի չափն է, այլ դրա ծագման թափանցիկության բացակայությունը։ Կարծում ենք՝ եթե քաղաքական գործիչը մշտապես խոսում է ազնվության, արդարության և պետական մտածողության մասին, ապա հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճանապարհով է ձևավորվել այդ հարստությունը, և ինչու այդ տվյալները ամբողջությամբ հասանելի չեն հանրային հարթակներում։ Թե ի՞նչպես է օրնիբուն ազնվությունից խոսող Արամ Սարգսյանը նման ունեցվածք կուտակել` վերջինիս կենսագրության մեջ չի նշվում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր