211652_close_icon
views-count1216 դիտում article-date 16:23 23-05-2026

‹‹Տետրում գրել է՝ չէ որ մենք էլ ենք ապրել ուզում››․ Լանա Աբրահամյան

Ankakh.com-ը գրում է․ Դավիթ Զաքարյանն ընտանիքի միակ որդին էր։ Դեռ ինը տարեկան էր, երբ քույրը հարցրեց՝ ի՞նչ է սերը։ Դավիթը պատասխանեց՝ ամբողջություն։ Տարիներ անց այդ բառը դարձավ նրա կյանքի կարգախոսը՝ սիրել ու նվիրվել ամբողջությամբ՝ ընտանիքին, հայրենիքին, մարդկանց։ Դավիթի սերը կիսատ մնաց՝ իր կիսատ կյանքի ու չիրականացած երազանքների հետ,  հայրենասիրությունն ու հաղթանակի հավատը մնացին ամբողջական՝ որպես հիշեցում, որ իսկական սերը երբեք չի մահանում։

Երևանցի Դավիթ Զաքարյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 10-ին և ծառայության անցել Արցախի Մատաղիսի N զորամասում։ Դավիթը գնդացրորդ էր, ծառայության ընթացքում աչքի է ընկել որպես կարգապահ և օրինակելի զինվոր։  ‹‹Անկախի›› հետ զրույցում մայրը՝ Լանա Աբրահամյանը, պատմում է, որ Արցախում երկու անգամ է եղել և հմայված էր նրա հրաշք բնությամբ, իսկ նոր կառուցվող տները միշտ հույս են ներշնչել իրեն։

‹‹Դավիթը շատ էր շտապում, անընդհատ ասում էր՝ չեմ հասցնում։ Երբեք չեմ մտածել հեռավորության մասին և միշտ լավատեսությամբ է լցված եղել։ Այնտեղ նոր տներ էին կառուցվում, բնությունն այնքան սիրուն ու աչքի ընկնող էր, ամեն ինչ տրամադրող էր››,-ասում է մայրը։

Որդին արդեն համակերպվել էր բանակային կյանքին, հաճախ էր զանգում և ոգևորված պատմում իր ծառայության մասին։ Սակայն 2020 թվականի սեպտեմբեր ամսին նա սկսեց հազվադեպ զանգել։ Մոր  վատ կանխազգացումները միշտ հերքում էր։ Ասում էր՝ ամեն ինչ լավ է, ծառայությունն ընթանում է խաղաղ պայմաններում։

‹‹Ամեն անգամ դիրքեր բարձրանալիս օրերն էի հաշվում։ Օրացույցն իմ ամենասիրելի բանն էր․ երկու տարում ես պետք է այն ավարտեի, որ ինքը գար։ Ասում էի՝ Դավիթ, զգույշ ու ուշադիր եղիր։ Դեռ օգոստոս ամսին ինձ մեսիջ եկավ ներսից՝ դու պատրա՞ստ ես առանց Դավիթի դիմանալու։ Իմ օդն էր Դավիթը, ես նրանով էի շնչում։ Մտածեցի՝ դա վախ էր, ներքին տագնապ,  հետո կանցնի։ Բաղնիքում փակվել ու աղոթում էի։ Պատերազմի առաջին օրը մտածեցի՝ այս օրը կբարձրանա դիրքեր, տասնչորս  օր անց կիջնի․․․ այդտեղ ես կանգ առա, և տիեզերքից մի ձայն հնչեց՝ մեր կապը պետք է ընդհատվեր։ Ես հիմա եմ հասկանում՝ եթե մի բան ավարտվում է, հարազատները զգում են։ Այդ օրը ես արդեն գոյություն չունեի››,-ասում է մայրը։

Դավիթը սեպտեմբերի 25-ին էր դիրքեր բարձրացել։ Հաջորդ օրը զանգել է մորն ու տասը րոպե զրուցել։  Այդ զանգը մոր համար մի ամբողջ հավերժություն է թվացել։ Տիկին Լանան ասում է՝ առաջին անգամ հագեցել է իրենց զրույցից։ Սիրտը զգացել է՝ դա իրենց վերջին հեռախոսազրույցն էր։ Այդ օրը Դավիթը հիշել է իր բոլոր չարաճճիությունների մասին և ափսոսանք հայտնել։ Մեկ օր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։

‹‹Երբ բանակ զորակոչվեց, ասում էի՝ Տեր Աստված, միայն թե իմ տղան պատերազմ չտեսնի։ Զինակից ընկերները պատմել են, թե պատերազմի ժամանակ ինքն ինչպես է իրեն ուժեղ պահել, կարծես՝ իր պատերազմը լիներ։ Շատ անվախ ու քաջ է եղել։ Ինքն ուժեղ կերպար է։ Ես հետո ծանոթացա նրա կերպարի հետ, մտածում էի՝ իմ տղան ո՞վ էր, որ ես չէի ճանաչում։ Նրա զոհվելուց հետո պատահական տետրերը գտա․ պատմություններ էր գրել քաջ մարտիկի, սիրո ու պայքարի մասին››,-ասում է մայրը։

Պատերազմի օրերին ծնողները երկար ժամանակ լուր չեն ունեցել Դավիթի մասին։ Հոկտեմբերի 7-ին տիկին Լանան արթնացել է հարազատների ձայներից։ Հեռուստատեսությամբ զոհերի ցուցակում Դավիթի անունն էր գրված։

‹‹Առավոտյան արթնացա տագնապից։ Այդ օրը ես ինձ կորցրի։ Ես ինձ գտա միայն Դավիթի հետ լինելով։ Ես չեմ համարում, որ ինքը չկա, ու մինչև այսօր ես այդպես եմ ապրում։ Մյուս մայրերի հետ եմ հանդիպում, խորհուրդ եմ տալիս և ինձ, և նրանց››,-ասում է մայրը։

Դեպքը եղել է սեպտեմբերի 27-ին՝ 162 մարտական դիրքում։  Դավիթն առաջնորդել է զորքին, որ ճանապարհ գտնեն ու դուրս գան շրջափակումից։ Հենց այդ ժամանակ նա հայտնվել է թշնամու նշանառության տակ՝ իր կյանքի գնով փրկելով զինակից ընկերների կյանքը։

Դավիթ Զաքարյանին հուղարկավորեն են դեկտեմբերի 3-ին՝ Եռաբլուրում։ Հերոսը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական ծառայություն››, ‹‹Արիություն››, ‹‹6-րդ ՊՇ Անձնուրաց Պաշտպան››, ‹‹Գարեգին Նժդեհ›› մեդալներով։

Բնավորությամբ բարի, աշխույժ, կատակասեր և ընկերասեր տղա էր։ Մինչև բանակ զորակոչվելը Մր․ Գիրոսում է աշխատել՝ որպես խոհարար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր