211652_close_icon
views-count415 դիտում article-date 19:32 25-05-2026

Մեկնարկել է Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի վաճառքը

Հունիսի 9-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի և Մոլդովայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել առաջիկա խաղի տոմսերի վաճառքի վերաբերյալ:

Տոմսերն արդեն հասանելի են tickets.ffa.am կայքում: ՀՖՖ-ն ընդգծում է, որ ինչպես այս, այնպես էլ մեր ընտրանու հետագա բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու են բացառապես առցանց տարբերակով. տոմսերի ֆիզիկական վաճառք այլևս չի նախատեսվում:

Սահմանված կանոնակարգի համաձայն՝ մեկ անձը կարող է գնել առավելագույնը 4 տոմս: Գնումը կատարելուց հետո երկրպագուները տոմսերը կտեսնեն tickets.ffa.am կայքի իրենց անձնական հաշվում, սակայն QR կոդերն ակտիվանալու են միայն բուն հանդիպման օրը:

ՀՖՖ-ն նաև տեղեկացնում է, որ տոմս գնելու համար պարտադիր է անցնել անձնագրային նույնականացում: Համապատասխան տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել համակարգի հաստատմանը, որն իրականացվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-ից 20։00-ն ընկած ժամանակահատվածում (գործընթացը տևում է մինչև 30 րոպե):

Անվտանգության նկատառումներից ելնելով և մարզադաշտի մուտքերի մոտ կուտակումներից խուսափելու նպատակով՝ ֆեդերացիան երկրպագուներին հորդորում է մարզադաշտ ժամանել խաղի մեկնարկից առնվազն 2 ժամ առաջ:

Նմանատիպ նյութեր