211652_close_icon
views-count868 դիտում article-date 21:26 27-05-2026

Հրազդան քաղաքի Կոճոռի 300-ից ավելի բնակիչներ խնդրանքով դիմում են «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին․ «30 տարի է սպասում ենք, որպեսզի մեզ փրկեն մահաբեր, ամեն պահի տապալվող փայտե էլեկտրասյուներից»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գրեթե 30 տարուց ավելի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռի մի քանի սեփական տների բնակիչներ չեն կարողանում հստակ ստանալ այն պատասխանը և, ինչու չէ, նաև օգնությունը, թե երբ է իրենց փողոցում փոխվելու սովետական տարիներին տեղադրված, արդեն փտած, դարն ապրած, վտանգավոր ու մահաբեր մի քանի փայտե էլեկտրասյուները։

30 տարի բնակիչները դիմել են պատկան մարմիններին, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, այդ ընկերության Կոտայքի պատասխանատուներին, ովքեր բավարարվել են միայն դատարկ խոստումներ տալով բնակիչներին։

Նույնիսկ ժամանել են ու տեսել են, որ իրոք այդ 4 սյուները ոչ միայն փտած են, այլև լուրջ վտանգ կա, որ ուժեղ քամու հետևանքով դրանք կտապալվեն։ Պարզապես էլեկտրալարերի շնորհիվ է, որ դեռ արտակարգ դեպք տեղի չի ունեցել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները օրեր առաջ նույնպես դիմել են, սակայն «ՀԷՑ»-ից պատասխանել են, թե բետոնե սյուներ և լարեր չկան, վերջացել են։

Մինչդեռ վերջին ամիսներին «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ «ՀԷՑ»-ի մասնագետները Երևանում, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և Արագածոտնի մարզերում 100-ավոր փտած ու մահաբեր փայտե և բետոնե էլեկտրասյուներ փոխարինել են նորերով, որոշ հատվածներում էլ տարիներ շարունակ կցոններով օգտագործվող էլեկտրալարերն են փոխարինվել։

Ու տեղեկությունը, թե «ՀԷՑ»-ում սյուներ ու լարեր չկան, հաստատ ինչ-որ մի ծալապակասի կողմից տարածված տեղեկություններ են։

Ֆոտոլրագրողը բնակիչների խնդրանքը փոխանցում է «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ Ռ․ Պետրոսյանին, որպեսզի հնարավորության դեպքում Կոճոռի այդ փողոցի բնակիչներին փրկեն մահաբեր էլեկտրասյուներից։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր