211652_close_icon
views-count15024 դիտում article-date 17:51 08-06-2026

Շենգավիթի թաղապետն արհամարհած ունի քաղաքապետի հանձնարարականը. քաղաքապետարանի կողմից կառուցված ֆուտբոլի դաշտում ծածանվում է բզկտված եռագույնը, երեխաներն էլ այնտեղ հասնելու համար պիտի նավակներ ունենան, խաղալիս էլ կրեն հակագազ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շատ հաճախ Երևանի վարչական շրջանների ղեկավարներին երբեմն նաև բավականին խիստ հանձնարարականներ է տալիս, որ ժողովրդի լեզվով ասած թաղապետերը պետք է հետևողականություն ցուցաբերեն, որպեսզի իրենց վարչական շրջաններում, այդ թվում՝ քաղաքապետարանների և թաղապետարանների կողմից տեղադրված եռագույնները լինեն պատշաճ վիճակում։

Այսօր՝ հունիսի 8-ին, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանին կարծես թե չի մտահոգում քաղաքապետի հանձնարարականը և գուցե տեղյակ էլ չէ, որ տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքսային ծառայության աշխատակցին աշխատանքից հեռացնել տվեց միայն այն բանի համար, որ եռագույնը աշխատասենյակի ոչ պատշաճ տեղում էր դրված։

Իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տ․ Գաբրիելյանը քաղաքապետարանի կողմից Արշակունյաց 54 և դրան հարակից շենքերի համար կառուցված ֆուտբոլի դաշտում ծածանվող եռագույնը կարծես քարե դարից ուղարկված լինի, այն ամբողջությամբ քրքրված գունաթափված վիճակում է։ Այս հարցը պետք է մտահոգի վարչական շրջանի ղեկավարին, հակառակ դեպքում պիտի փառք տա Աստծուն, որ հանկարծ այդ հատվածով վարչապետ Նիկոլ Փաշինյանը չանցնի։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ֆուտբոլի դաշտ մտնելու համար երեխաները չեն կարող անվտանգ հասնել, քանի որ տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, արդեն 10 օր է՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 54 շենքի և դրան հարակից բնակելի, այդ թվում՝ բազմահարկ շենքերի բնակիչներն ապրում են հակասանիտարական, գարշահոտ վիճակում ու պատճառը դիտահորերից դուրս թափվող կեղտաջուրն է, որի հոտը զգացվում է անգամ մոտ 500 մետր հեռավորությունից։

Այսօր՝ հունիսի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«10 օր է՝ ամեն օր էս կեղտաջրի դուրս գալու մասին տեղեկացրել ենք Շենգավիթի թաղապետարան և «Վեոլիա ջուր»։  10 օր է ստանում ենք նույն պատասխանը։ Տպավորություն է, թե էդ կառույցները էդ 2-3 բառը գիտեն մենակ՝ «խնդրից տեղյակ ենք, ձեր զանգը գրանցվել է, խումբը կմոտենա», ու արդեն 10 օր է՝ կարծես Շենգավիթի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» «Նոյի ագռավը» լինեն․ դուրս են եկել, տեղ չեն հասնում։ Պատկերացնո՞ւմ եք, օրերը տաքացել են ու էդ հոտը ոնց է սպանում ժողովրդին։ Դուռ ու լուսամուտ չենք կարողանում բացել։ Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթի թաղապետարանը բնակիչներիս համար ֆուտբոլի դաշտ կառուցեցին։ Հարամ լինի էն ֆուտբոլի դաշտը, որ երեխաներն այնտեղ խաղալու համար պիտի նավակներով հասնեն ու կրեն հակագազ։ 

Էդ ֆուտբոլի դաշտ մտնելու արանքին արդեն անուն ենք դրել, Երևանն էլ ունի «Հորմուզի նեղուց», բայց որ իրանական Հորմուզի նեղուցն ավելի մաքուր վիճակում է, քան էս մեր ֆուտբոլի դաշտ մտնող «նեղուցը», դա վտանգավոր է, քանի որ ոչ միայն հոտն է սպանում, այլ նաև կա համաճարակի վտանգ։

Հիմա միակ հույսներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով ունի լծակ Շենգավիթի թաղապետին մի թեթև եթե «տոկի տա», նա էլ՝ «Վեոլիա ջրին», էս գարշահոտ վիճակից հարյուրավոր բնակիչների կփրկեն»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր