211652_close_icon
views-count1036 դիտում article-date 12:21 10-06-2026

Նոր Խարբերդում կառավարության ֆինանսավորմամբ կառուցվող մանկապարտեզի համար փորված հիմքը բնակիչների համար դարձել է պատուհաս. այն լցվել է ջրով, օրեր առաջ էլ անչափահասը հրաշքով է փրկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի հարյուրավոր բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են իրենց անհանգստության մասին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 10-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«1 տարի առաջ կառավարությունը խոստացավ, որ մեր մոտ էլ է մանկապարտեզ կառուցելու, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց մեզ մոտ, նաև ուրախություն, որ վերջապես մենք էլ ենք ամեն հարմարություններ ունեցող մանկապարտեզ ուղարկելու մեր երեխաներին, բայց մի քիչ էլ զարմանք ապրեցինք, որ գյուղում կան մի քանի այլ տարածքներ, որտեղ կարող էին մանկապարտեզը կառուցել, իսկ արդեն իսկ որոշված տեղում կարող էին ստեղծել մարզադաշտը, քանի որ դեռ սովետական տարիներից այդ հատվածում երեխաները ֆուտբոլ էին խաղում։ Բայց եթե որոշել էին, որ պիտի կառուցվի մանկապարտեզ, մենք ոչինչ չէինք կարող անել։ Ու սկսվեցին շենքի հիմքի համար փորման աշխատանքները։ Բավականին մեծ թափով էին գործն անում, բայց կարճ ժամանակ անց մեծ քանակի ջուր լցվեց, ինչի համար էլ աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին։

Հիմա արդեն կրկնակի անհանգստություն ենք ապրում, երբ մանկապարտեզի համար փորված հիմքի տարածքը ոչ մի պաշտպանիչ պատնեշ չունի։ Չկա անգամ ցուցանակ, թե ով է կառուցապատողը, շինարարության սկիզբն ու ավարտը երբ են լինելու, ով է պատվիրատուն, թեպետ մենք գիտենք, որ այդ լավ գործն իրականացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի և Մասիսի քաղաքապետ Նորայր Հակոբյանի համագործակցած աշխատանքի արդյունքում։

Ճիշտ է աշխատանքները հիմա դադարեցվել են, բայց դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի հրատապ տարածքը փակեն անհրաժեշտ թիթեղներով, մինչև վերջնական կորոշվի՝ մանկապարտեզի կառուցումը շարունակվելու է, թե ոչ։ Երեխաները դասից գալիս են տուն ու վազում այսպես ասած «բասեյնի» տարածքը։ Նույնիսկ մի անգամ եղել է դեպք, երբ երեխան անզգուշաբար հայտնվել է ջրում, լավ է, որ այդ տղայի ընկերները կարողացել են փրկել նրան։ Բայց դե հո ամեն անգամ «պապը փլավ չի ուտում»։ Պահանջում ու խնդրում ենք շատ արագ այդ հարցը լուծել և իրենց կողմից կատարված այդ լավ գործը ավարտին հասցնեն»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Ն. Հակոբյանը ներկայացրեց խնդիրը, որը ներկայացնում ենք ստորև.

«Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների կատարման գնման պայմանագիրը կնքվել է 2025թ., սակայն ուժի մեջ է մտել 2026թ.՝ համապատասխան ֆինանսական միջոցների նախատեսմամբ: Սակայն աշխատանքների կատարման մեկնարկից հետո պարզ դարձավ, որ տեղանքում առկա են գրունտային կամ այլ ջրեր, որոնք խոչընդոտել են աշխատանքների հետագա կատարմանը։

Կապալառուն դիմել է պատվիրատուին՝ առաջացած խնդրին լուծում տալու նպատակով, ինչ էլ վերահասցեագրվել է հեղինակային հսկողություն իրականացնող կազմակեպությանը՝ հնարավորինս սեղմ ժամկետում հարցին լուծում տալու նպատակով»։

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը վստահեցնում է, որ խնդիրը իր ուշադրության կենտրոնում է և մոտ օրերս աշխատանքները կվերսկսվեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր