211652_close_icon
views-count3577 դիտում article-date 16:30 10-06-2026

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Ձորաղբյուրի Ամառանոցներ թաղամասի տներից մեկում 2 տղամարդ հոսանքահարվել են. բժիշկներն արձանագրել են մեկի մահը, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի Ամառանոցներ 24 հասցեում 2 քաղաքացի հոսանքահարվել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը 112 օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժին, որտեղից նշված հասցե է մեկնել հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցներ 2-րդ թաղամասի 23 հասցեի տան տանիքում Երևանի բնակիչ 72-ամյա Լևոն Տ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Լևոն Ղ․-ն աշխատանքներ իրականացնելու ընթացքում մետաղյա աստիճանավանդակը բացելիս անզգուշաբար հենել են մոտակայքով անցնող բարձր լարման էլեկտրալարին, ինչի պատճառով էլ հոսանքահարվել են, որի հետևանքով էլ Լևոն Ղ․-ն տեղում մահացել է, իսկ Լևոն Տ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի մասին ոստիկանության Գառնիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր