211652_close_icon
views-count5977 դիտում article-date 10:26 15-06-2026

Խոշոր հրդեհ՝ Երևանում Հրազդանի կիրճում հայտնի «Ամառ» ռեստորանային համալիրում. այն մոխրի չվերածվեց շնորհիվ տեղի աշխատակիցների ու հրշեջ-փրկարարների, բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու. փրկվել է նաև կատուն իր ձագերով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում հայտնի «Ամառ» ռեստորանային համալիրում։ Ժամը 21:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112  օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ձորափի փողոցում Հրազդան կիրճում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, ռեստորանի պահեստային հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Այրվել է ռեստորանի պահեստային հատվածից մոտ 170 քմ մակերեսով տարածք՝ կենցաղային իրերով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների, դեպքի վայրում հավաքվածները նշում էին՝ մոտ 6 քաղաքացու, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկներն ու ոստիկանության գվարդիայի ծառայողները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ռեստորանի աշխատակիցները կրակի ճիրաններից կարողացել են փրկել կատվին և նրա 3 ձագուկներին

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 419+
419+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր