211652_close_icon
views-count355 դիտում article-date 14:14 17-06-2026

Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը

ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակման գործընթացի մեկնարկի մասին։ Պետական հանրակրթական դպրոցների տնօրենների գործուղման նպատակով հայտերն ընդունվում են 2026  թվականի հունիսի 17-24-ը ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների հավատագրման առցանց համակարգում։ Դիմել կարող են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ունեցող անձիք։ 

Գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը իրականացվում է առաջին անգամ․ գործարկվող նոր մեխանիզմը  նպատակ ունի լուծում տալ բազմաթիվ դպրոցներում տնօրենների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդրին։ 

Ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի փետրվարի 16-ի 05-Ն հրամանով։ 

Ո՞ր դեպքում է կատարվում տնօրենի գործուղում 

Համաձայն կարգի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ունեցող անձը գործուղման միջոցով կարող է նշանակվել դպրոցի տնօրեն այն հաստատություններում, որտեղ․  

·         առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել,

·         տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել: 

Ինչպե՞ս գործուղվել 

Գործուղման ցանկություն ունեցող տնօրենի հավակնորդը, որն ունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք, Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պետք է կատարի համապատասխան նշում այդ նպատակով ձևավորված էլեկտրոնային հարթակում՝ ներկայացնելով իր համաձայնությունը նախընտրելի մարզ (Երևան քաղաք) գործուղվելու մասին։  

Քայլերի հաջորդականություն

Գործուղման հայտ ներկայցնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․  

·         2026  թվականի հունիսի 17-24-ը https://exams.emis.am/ հարթակի Դպրոցի տնօրենների հավաստագրման համակարգում նշում կատարել համապատասխան մարզ գործուղվելու վերաբերյալ բաժնում 

·         ներբեռնել վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանք կամ գրություն՝ տրված համապատասխան մարմնի կողմից

·         ներբեռնել բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված  (սքանավորված) տարբերակը 

·         ներբեռնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ (հավաստագրի) տեսաներածված  (սքանավորված) տարբերակը։ 

ԿԳՄՍ նախարարությունը կազմում է սահմանված պահանջներին բավարարող հավակնորդների ցանկը և բոլորին միաժամանակ ներկայացնում է գրավոր առաջարկություն՝ տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ։ Առաջարկությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը ԿԳՄՍ նախարարություն է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ գրավոր մերժում՝ նշելով պատճառները:

Համաձայնություն հայտնած հավակնորդներից մեկը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի առաջարկով նշանակվում է տվյալ հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Երկամսյա ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացնում է դպրոցի գարգացման ծրագիր՝ համաձայն սահմանված ձևաչափի։ Զարգացման ծրագիրը ներկայացնելուց հետո կազմակերպվող հարցազրույցի փուլում հանձնաժողովի կողմից որոշում է կայացվում տվյալ հավակնորդի հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։ 

Գործուղված տնօրենին և նրա ընտանիքի անդամներին պետությունը լրացուցիչ հատկացնում է տեղափոխման տրանսպորտային ծախս, բնակարանային վարձի փոխհատուցում, կոմունալ ծախսերի վճար, ինչպես նաև տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս։ Բացի այդ՝ գործուղված տնօրենին հատկացվում է նաև լրավճար՝ ամսական 138 300 ՀՀ դրամի չափով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Նմանատիպ նյութեր