211652_close_icon
views-count628 դիտում article-date 21:00 19-06-2026

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ։ Նախարարին ուղեկցել է բուհի ռեկտոր Վարդան Ազատյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Կառավարության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համագործակցությամբ մեկնարկել է Դիլիջանի մասնաճյուղի վերափոխման գործընթացը՝ այն ձևավորելով արհեստների, նյութերի և լանդշաֆտի ուսումնասիրության, ինչպես նաև ստեղծագործական պրակտիկայի կենտրոնի։ Կառույցի վերաբացման պաշտոնական մեկնարկը կտրվի հունիսի 21-ին՝ «Մետաբոլիս» ամառային ստեղծագործական նախագծով։

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին և արդեն իրականացված աշխատանքներին։ Նշվել է՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կիրառական արվեստի զարգացմանը, շրջակա միջավայրի ուսումնասիրությանը, ստեղծագործական պրակտիկաների իրականացմանը և Դիլիջան համայնքի մշակութային ու կրթական կարիքների սպասարկմանը։ Միաժամանակ մասնաճյուղը կդառնա միջազգային բազմաշերտ համագործակցությունների կարևոր հարթակ՝ նոր հնարավորություններ ստեղծելով ուսանողների, դասախոսների և արվեստի ոլորտի մասնագետների համար։

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նաև նախագծի շրջանակում բացված «Պլեներ 360․ բնանկարը՝ որպես հետազոտություն» խորագրով ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են 2025 թվականին ամառային պրակտիկայի ընթացքում ուսանողների ստեղծած աշխատանքները։ Դրանցում ներկայացված են ուսանողների՝ Դիլիջանի, Գորիսի, Սևանի, Լոռու, Շորժայի և Հայաստանի այլ բնակավայրերի բնաշխարհի հետազոտությունների գեղագիտական ընկալումները։

Նախարարը բարձր է գնահատել բնության հետազոտական ընկալման վրա հիմնված մոտեցումները և ցուցահանդեսի կրթական նշանակությունը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն արվեստի կրթության արդիականացման, ստեղծագործական և հետազոտական մտածողության զարգացման գործում։

Այցի ընթացքում ներկայացվել է նաև մասնաճյուղի զարգացման տեսլականը տեքստիլի և մանրաթելերի հետազոտության ուղղությամբ։ Հենվելով գորգագործության և ասեղնագործության հարուստ ժառանգության վրա՝ նախատեսվում է ձևավորել համագործակցության նոր հարթակներ արվեստագետների, դիզայներների և արտադրական ոլորտի ներկայացուցիչների միջև։

Քննարկվել են նաև մասնաճյուղի հետագա զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարբեր ծրագրերի, այդ թվում՝ միջազգային համագործակցության հարթակների շրջանակում գործընկերությունների ընդլայնման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել մասնագիտական կադրերի պակասին: Նախարարի դիտարկմամբ՝ մասնագետների ներգրավման հարցը հնարավոր է լուծել թանգարանների աշխատակիցների, ոլորտի փորձառու վարպետների և այլ մասնագիտական կառույցների հետ համագործակցությամբ՝ ստեղծելով գիտելիքի և փորձի փոխանակման կայուն մեխանիզմներ։

Քննարկման ընթացքում ընդգծվել է նաև Դիլիջանի մշակութային կյանքի ակտիվացման կարևորությունը, համայնքի բնակիչներին մշակութային գործընթացներում առավել լայն ներգրավելու անհրաժեշտությունը և արվեստի միջոցով համայնքային զարգացման նոր հնարավորությունների ստեղծման հեռանկարը։

Նմանատիպ նյութեր