211652_close_icon
views-count1573 դիտում article-date 17:25 11-08-2026

«Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետը ոստիկանություն է ներկայացրել իր ծառայողական ատրճանակը՝ հաշվառման

Օգոստոսի 4-ին զենքի, զինամթերքի կամավոր հանձնման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 61-ամյա Արշավիր Ղարամյանը և ներկայացրել Ղարաբաղի Ազատամարտիկների միության կողմից պարգևատրված և Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր անվամբ հաշվառված «Arminius» տիպի 5․6 մմ տրամաչափի, գործարանային համարով ծառայողական ատրճանակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արշավիր Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ այն իր հետ բերել է 2023 թվականի սեպտեմբեր ամսին Ղարաբաղից՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերի պահանջների համաձայն՝ համապատասխան ընթացակարգ անցնելու, հաշվառելու և հետ վերադարձնելու պայմանով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հրազենը ոստիկանների կողմից վերցվել է, և կազմվել է համապատասխան արձանագրություն, սակայն Արշավիր Ղ․-ն չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, և հրազենը պահվել է ոստիկանությունում։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արշավիր Ղարամյանը գեներալ-լեյտենանտ է, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր