211652_close_icon
views-count1075 դիտում article-date 17:12 23-06-2026

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր երիտասարդական նախաձեռնությունների շուրջ համագործակցության մասին

Հունիսի 23-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր ՝ աջակցելու երիտասարդների հնարավորությունների ընդլայնման, հմտությունների կատարելագործման և զբաղվածության մեծացման նախաձեռնություններին։

Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական գործերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը։

Նախաձեռնությունը նպատակ ունի մեծացնել երիտասարդների աշխատանք գտնելու հնարավորությունները, ամրապնդել աշխատաշուկայի մրցունակությունը, նպաստել առաջնորդության ու ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը հայ երիտասարդների շրջանում։

Այս համագործակցությունն իրականացվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունների շրջանակում 2018թ․-ից ի վեր իրականացվող «Երիտասարդների զարգացում» ծրագրի միջոցով, որն աջակցում է 15-35 տարեկան երիտասարդներին` ապահովելով ուսուցումներ կյանքի և բիզնես հմտությունների վերաբերյալ և մասնագիտական ուղղորդում։ Առաջարկված անվճար առցանց դասընթացներին մասնակցել ու ավարտական վկայականներ են ստացել ավելի քան 40 000 մասնակից։

«Երիտասադները Հայաստանի ամենամեծ ուժն են, և երիտասարդների զարգացման ծրագրերի ուղղությամբ ներդրում անել նշանակում է ներդրում անել երկրի ապագայի համար։ Այս գործընկերության միջոցով մենք մեծացնում ենք նոր հմտություններ, մասնագիտական ուղիներ բացահայտելու ու իրենց համայնքի համար օգտակար լինելու հնարավորությունները երիտասարդների համար։ Մենք հպարտ ենք աջակից լինել երիտասարդների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանով մեկ», - ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

Ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը՝ Էլինա Մարգարյանն ասաց․ ««Երիտասարդների զարգացում» նախաձեռնությունը երկարաժամկետ ներդրում է ի նպաստ Հայաստանի երիտասարդների։ 2018թ․ սկսած մենք օգնել ենք երիտասարդներին զարգացնել իրենց հմտություններն ու ձեռք բերել մեր օրերում այնքան անհրաժեշտ վստահություն։ ԱՄՆ դեսպանության հետ այս համագործակցությունը կօգնի առավել ընդլայնել ուսուցումների հասանելիությունը՝ ավելի շատ երիտասարդների հնարավորություն տալով բացահայտել իրենց ներուժն ու ավելի լավ ապագա կառուցել»։

Այս համագործակցությունը թույլ կտա աջակցել ուսուցումներին, մասնագիտական կողմնորոշմանը, իրականացնել մենթորական աջակցություն և երիտասարդական այլ  ծրագրեր՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Չարենցավանում գործող ԱՄՆ դեսպանության «Ամերիկյան կենտրոնների» ցանցի միջոցով։ 

Գործընկերները համոզմունք հայտնեցին, որ այս համագործակցությամբ երիտասարդները ձեռք կբերեն աշխատաշուկայի համար անհրաժեշտ հմտություններ, որոնք կբացեն մասնագիտական ու անձնական աճի նոր ուղիներ։

 

Նմանատիպ նյութեր