211652_close_icon
views-count781 դիտում article-date 14:19 24-06-2026

Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ս.թ. հունիսի 17-ին ընդունված որոշմամբ ազատականացվում է 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացը։ Հայտնում են ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից․

«Հարգելի՛ քաղաքացիներ, Որոշումն ուժի մեջ է մտել ս.թ. հունիսի 24-ից, և այս պահից սկսած՝ 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի նոր միացման շահառու հանդիսացող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել Ընկերության ցանկացած սպասարկման կենտրոն և ներկայացնել համապատասխան միացման հայտ։ Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միացումը կիրականացվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի կամ կառուցապատողի կողմից՝ սեփական միջոցներով։

Ստորև ներկայացված է միացման գործընթացի քայլերի հաջորդականությունը.

1. Հայտի ներկայացում. Տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմող անձը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությանն է ներկայացնում հայտ։

2. Հայտի ուսումնասիրություն և տեխնիկական պայմանների տրամադրում. Հայտի ներկայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն մերժվում է, եթե կից ներկայացված փաստաթղթերը թերի են։ Ընկերությունը հայտը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեխնիկական պայմանները կամ, եթե միացումը չի համապատասխանում գործող պահանջներին, մերժում է հայտը՝ տեղեկացնելով դիմողին։ Տեխնիկական պայմանները գործում են 1 տարի ժամկետով, իսկ դրանց գործողության ժամկետի երկարաձգման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային (ԷԲՑ) կանոններով։

3.Նախագծում և կառուցման աշխատանքներ. Էլեկտրատեղակայանքների կառուցման և վերահսկման աշխատանքները կատարվում են օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից։ Էլեկտրատեղակայանքների կառուցման աշխատանքների նախագիծը ստանալուց հետո Ընկերությունը 15 օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է այն՝ ներկայացնելով գրավոր հիմնավորումներ։

4.Փաստացի միացում. Տեխնիկական պայմաններով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո դիմող անձն ապահովում է էլեկտրաէներգիայի ընդունումը և Ընկերություն է ներկայացնում ԷԲՑ կանոններով սահմանված փաստաթղթերը։ Վերոնշյալ փաստաթղթերի ներկայացումից հետո Ընկերությունը, ԷԲՑ կանոններով սահմանված կարգով և ժամկետներում, ապահովում է փաստացի միացումը կամ, անհամապատասխանությունների առկայության դեպքում, մերժում է այն՝ մերժման հիմքերը գրավոր տեղեկացնելով դիմող անձին։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 180 հեռախոսահամարով կամ այցելել Ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը»։

Նմանատիպ նյութեր