211652_close_icon
views-count5233 դիտում article-date 09:42 03-07-2026

Պայթյուն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ 3 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն․ ժամանել են Շենգավիթի ոստիկանապետն ու ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 3-ին, պայթյուն-հրդեհ և խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Թամանցիների փողոցով ընթանալիս Գործարանային մետրոյի մոտ, գազի արտահոսքից երթևեկության ժամանակ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյուն-հրդեհ և ավտովթարի հետևանքով Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 19-ամյա Արթուր Հ.-ն, 20-ամյա Հրանտ Հ.-ն և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Ա.-ն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Պայթյուն-հրդեհի հետևանքով «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային, և կրակը տարածվել է նաև նշված ավտոմեքենայի վրա։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են կրակը, սակայն «Toyota»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, իսկ «Nissan Rogue»-ը դարձել է ոչ շահագործելի՝ այրվել է հետնամասն ամբողջությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյան, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ստեփան Կույումջյանն ու կրտսեր պարեկ Արարատ Գրիգորյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ ճանապարհը ժամանակավորապես փակվել է, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի։

Տեղում պարզվել է, որ ավտովթարը տեղի է ունեցել պայթյուն-հրդեհի հետևանքով, ինչի համար ՃՏՊ քննության բաժինը դադարեցրել է դեպքի վայրի զննություն կատարել, ինչից հետո ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և «Toyota»-ի վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր