211652_close_icon
views-count562 դիտում article-date 22:15 09-07-2026

Հայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով հանդիպումը Հայաստան–Ֆրանսիա բազմաշերտ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև կրթության, մշակույթի և ֆրանկոֆոնիայի ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Կողմերն առանձնակի կարևորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հուշագրերը և դրանցից բխող նոր գաղափարների իրականացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 2027 թվականին Երևանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացմանը՝ որպես Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման, երիտասարդության ներգրավման և ֆրանկոֆոն համագործակցության խորացման կարևոր հնարավորություն։

 

Նմանատիպ նյութեր