211652_close_icon
views-count649 դիտում article-date 15:20 01-09-2026

Հազարավոր վարորդներ ասում էին․ «30 տարուց ավելի այս ճանապարհին ավտովթարների պակաս չկար, այդ թվում՝ ողբերգական․ շնորհակալություն կառավարությանը և ՏԿԵՆ-ին, որ վերջապես մեզ փրկեցին այդ պատուհաս ճանապարհից ու փլուզման ենթակա կամրջից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ և տեսանյութեր էր հրապարակել Երևանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող Բարձրաշեն-Զովաշեն մի քանի կիլոմետրանոց անբարեկարգ, այդ թվում՝ մարդաբոյ փոսերով, ճանապարհի վատթար վիճակի մասին, և հազարավոր վարորդների խնդրանքը փոխանցել էինք ՀՀ Կառավարությանը, որով վարորդները խնդրում էին այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհը, որը նաև բազմաթիվ ավտովթարների պատճառ էր դարձել, այդ թվում՝ ողբերգական ու մարմնական վնասվածքներով, եթե չէր ասֆալտապատվելու, գոնե կատարեին փոսալցման աշխատանքներ։ 

Վարորդները տեղեկացրել էին, որ ճանապարհի այդ մի քանի կիլոմետրանոց հատվածը 30 տարուց ավելի պատուհաս էր դարձել իրենց համար և այդ ճանապարհին եղած կամուրջն էլ կանգնած էր ամեն պահի փլուզման եզրին։

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ճանապարհը ոչ թե ամբողջությամբ փոսալցվել է, այլ հիմնանորոգվել։ Հիմնովին նորոգվել է նաև կամուրջը․ հին, դարն ապրած հենապատերը քանդել ու տեղը նորն են կառուցել, և որ ամենակարևորն է՝ ամբողջ ճանապարհը, որը նույնիսկ սովետական տարիներին չի ունեցել պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ, երթևեկությունը կարգավորող ցուցանակներ, անձրևաջրերի համար սելավատարեր, այսօր արդեն ունի, ու հիմա երթևեկությունը նշված վայրում կարելի է ասել դարձել է անվտանգ։

Եթե նախկինում շտապօգնության կամ հրշեջների կանչ էր արձանագրվում, օպերատիվ ծառայություններից նույնիսկ մեկ ժամից ավելի էր պահանջվում, մինչ կհասնեն դեպքի վայր, իսկ հիմա պատկերն այլ է՝ դեպի դրական, ինչի համար էլ վարորդներն իրենց շնորհակալությունն են ուղղում ՀՀ Կառավարությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ու ճանապարհաշինարարներին՝ ասելով, որ 30 տարի անց վերջապես ճանապարհը հիմնանորոգվեց։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր