211652_close_icon
views-count1288 դիտում article-date 14:42 12-07-2026

Թմրանյութի իրացման դեպք՝ Երևանում․ Դավթաշենի համայնքային ոստիկանները ձերբակալել են 31-ամյա կասկածյալի․ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

Հունիսի 25-ին թմրանյութի իրացման դեպք է բացահայտվել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնի ծառայողները Դավթաշեն գյուղի հարակից գերեզմանատան մոտ կառուցված եկեղեցու հարևանությամբ նկատել են տևական ժամանակ կայանված «KIA» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Մոտենալով նրան՝ ոստիկանները խնդրել են ներկայացնել անձը հաստատող և ավտոմեքենայի փաստաթղթերը, ինչի ընթացքում վարորդը ավտոմեքենայի սրահից հանել և նետել է բջջային հեռախոս և դեղին թղթե տուփ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավթաշենի համայնքային ոստիկանները վարորդին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Դավթաշենի բաժին, որտեղ պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 31-ամյա Տիգրան Մ.-ն է։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ իր կողմից նետված տուփի մեջ եղել են «Կրիստալ» տեսակի թմրամիջոցով լցված 4 փաթեթ, որոնք ձեռք է բերել «BanMan» տելեգրամյան ալիքի օգտատիրոջից՝ 400 ԱՄՆ դոլարի դիմաց, առանձին վայրերում տեղադրելու, դրանք լուսանկարելու և կոորդինատների հետ միասին «Տելեգրամ» հավելվածի միջոցով նույն օգտատիրոջը փոխանցելու նպատակով։

Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 փաթեթ՝ ընդհանուր 210.36 գրամ քաշով «Մեթամֆետամին» («Կրիստալ») տեսակի թմրամիջոց։

Քննիչի որոշմամբ Տիգրան Մ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր