211652_close_icon
views-count886 դիտում article-date 09:49 14-07-2026

ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացման արարողությանը

Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

Ներկա էին նաև Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը և բոլոր գործընկերներին՝ հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի կառուցմանն աջակցելու համար, ընդգծել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը վերածվել է կառուցողական գործընկերության և բարեկամության։

Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել Փրկարար ծառայության զարգացման ուղղությամբ՝ ընդլայնելով ենթակառուցվածքային հնարավորություններն ու ամրապնդելով ծառայության կարողությունները։

«Այս շենքը նոր ենթակառուցվածք է․ մենք ներդրում ենք կատարում նոր ենթակառուցվածքի վրա, բայց այն առավելապես ներդրում է մեր փրկարարների և մեր քաղաքացիների անվտանգության ամրապնդման գործում, որովհետև պակաս կարևոր չէ, թե ինչ աշխատանքային պայմաններում և ինչպիսի անվտանգաին պայմաններում են ապրում փրկարարները, ծավալում իրենց գործունեությունը, կատարում փրկարարական գործողություն, որովհետև դրանից է կախված առավելապես, թե ինչպիսի որակով աշխատանք կմատուցենք մենք մեր քաղաքացիներին։

Այս ենթակառուցվածքը պիտի լինի մեր բոլորի համար նոր մեկնակետ՝ զարգացնելու մեր կարողությունները, ձևավորելու նոր հմտություններ, ավելի կատարելագործելու դրանք և մեր հանրությանը մատուցելու նոր որակի ծառայություն»,- ընգծել է Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարը բարձր է գնահատել ջրափրկարարների նվիրումն ու պատասխանատու ծառայությունը՝ նշելով, որ նրանց աշխատանքը հաճախ վճռորոշ է մարդկային կյանքերի փրկության գործում։ Նա վստահություն է հայտնել, որ ենթակառուցվածքի գործարկումը նոր հնարավորություններ կստեղծի ծառայության զարգացման համար՝ ամրապնդելով ջրափրկարարների կարողությունները և մեծացնելով յուրաքանչյուր փրկարարական գործողության հաջողությամբ ավարտվելու հավանականությունը։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, անդրադառնալով ՆԳ նախարարության և ԱՄՆ կառավարության միջև ձևավորված համագործակցությանը, նշել է, որ այն շարունակաբար ամրապնդվում է՝ ընդգրկելով նաև Փրկարար ծառայության հետ իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ նոր վարչական համալիրը կնպաստի փրկարարների համար առավել անվտանգ և հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծմանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շրջել են նոր վարչական համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, դրա ֆունկցիոնալ հնարավորություններին, ծառայողների համար ստեղծված աշխատանքային և կենցաղային պայմաններին, հանգստի և կապի սենյակների հագեցվածությանը, ինչպես նաև տեխնիկական և գույքային ապահովվածությանը։

Հիշեցնենք, որ վարչական համալիրի շինարարությունը մեկնարկել էր 2025 թվականի ամռանը և ամբողջ ընթացքում գտնվել է ՆԳ նախարարության խիստ վերահսկողության ներքո՝ շինարարական աշխատանքների որակի և սահմանված ժամկետների պահպանման նպատակով։

Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումն իրականացվել է ՆԳ նախարարության, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Հայատանում ԱՄՆ դեսպանության ԱՄՆ ռազմական խմբի աջակցությամբ։

ՆԳ նախարարն այցելել է նաև Ջրային պարեկային ծառայության մոդուլային բլոկներից պատրաստված լողացող նավամատույց՝ հետևել ջրային պարեկների ծառայությանը։

Նմանատիպ նյութեր